12:26  ,  10 հուլիսի, 2016

Եվրո-2016. Պորտուգալիան՝ պատմության դեմ, Ֆրանսիան՝ տնային հաղթանակի սպասումով (ֆոտո)

Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մոտեցավ ավարտին: Հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականնները: Դեպի Եվրոպայի երրորդ չեմպիոնությանը շարժվող ֆրանսիացիների տոնը կփորձեն փչացնել պորտուգալացիները, որոնք երբեք չեն հաղթել աշխարհամասի առաջնությունում եւ երկրորդ անգամ են խաղալու եզրափակիչում (առաջինը՝ տնային եվրո-2004-ում էր):

Անցած ուղին Եվրո-2016-ում

Ֆրանսիացիները Եվրո-2016-ում չեն հաղթել միայն մեկ խաղում: Խմբային փուլի երրորդ տուրում Դիդյե Դեշամի թիմը 0:0 հաշվով ավարտեց Շվեյցարիայի դեմ խաղը, որում ոչ ոքին ապահովում էր խմբում առաջին տեղը: Խմբային փուլում ֆրանսիացիները հաղթել էին Ռումինիային (2:1) ու Ալբանիային (2:0), փլեյ-օֆֆում՝ Իռլանդիային (2:1) ու Իսլանդիային (5:2), իսկ կիսաեզրափակիչում ոչ այնքան տպավորիչ խաղով ուժեղ գտնվեցին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականից (2:0):

Հատկանշական է, որ Պորտուգալիայի հավաքականը եզրափակիչի ճանապարհին միայն մեկ խաղում է հաղթել հիմնական ժամանակում: Պորտուգալացիները, խմբային փուլում ոչ ոքի խաղալով Իսլանդիայի (1:1), Ավստրիայի (0:0) ու Հունգարիայի (3:3) հետ, երրորդ տեղով դուրս եկան 1/8 եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով առավելության հասան Խորվաթիայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում մրցակիցը լեհերն էին, որոնք պարտվեցին հետխաղյա 11 մետրանոցներով: Կիսաեզրափակիչում էլ Պորտուգալիայի թիմն ուժեղ գտնվեց Ուելսից՝ 2:0:

Կորուստներ

Ֆրանսիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին: Ֆրանսիական մամուլի համաձայն՝ Դիդյե Դեշամն ընտրելու է նույն մեկնարկային կազմը, որը խաղաց կիսաեզրափակիչում: Մեկնարկային կազմ կարող է վերադառնալ միայն «Լեսթերի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն:

Պորտուգալիայի հավաքականը կարող է ունենալ մեկ կարեւորագույն կորուստ: Ուելսի դեմ կիսաեզրափակիչի խաղը վնասվածքի պատճառով բաց թողեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն, որի մասնակցությունը հարցականի տակ է եզրափակիչին: Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հույս է հայտնել, որ Պեպեն կկարողանա դուրս գալ խաղադաշտ:

Պատմությունը Ֆրանսիայի օգտին է

2 ազգային թիմերի միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2015-ի սեպտեմբերի 4-ին, երբ պորտուգալացիները նվազագույն հաշվով պարտվել են տնային ընկերական խաղում: Պորտուգալիայի հավաքականը նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել է 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):

Ռոնալդուն՝ պատմական ռեկորդի շեմին, Գրիզմանը՝ «Ոսկե խաղակոշիկի»

Որքան էլ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոնալդուն հայտարարի, որ Պորտուգալիայի հավաքականը միայն Կրիշտիանուն չէ, այնուամենայնիվ, առանց նրա պորտուգալացիները դժվար թե այսքան հեռու գնային: Եվրո-2016-ում Ռոնալդուն արդեն սահմանել է մի քանի ռեկորդ, եւ մոտ է հզոր ցուցանիշի: Ուելսի հավաքականի դեմ կիսաեզրափակիչի խաղում Ռոնալդուն 9-րդ գոլը խփեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում եւ կրկնեց ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինիի ռեկորդը: Եզրափակիչում աչքի ընկնելու դեպքում նա կդառնա Եվրոների պատմության լավագույն ռմբարկուն: Ավելի վաղ Ռոնալդուն նաեւ դարձել էր պատմության առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Եվրոպայի 4 առաջնություններում ու մասնակցում 3 Եվրոների կիսաեզրափակիչներին: Բացի այդ, 31-ամյա պորտուգալացին դարձել է նաեւ Եվրոպայի առաջնություններում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը (20 հանդիպում): Սակայն ուշագրավ է մեկ կարեւոր վիճակագրություն: Պորտուգալիայի թիմի ավագը հավաքականում 13 տարվա կարիերայի ընթացքում երբեք գոլ չի խփել եվրոպական առաջատարներին՝ Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Անգլիայի հավաքականներին:

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր հույսերից է Անտուան Գրիզմանը, որի հրաշալի խաղի արդյունքում ֆրանսիացիները հասան եզրափակիչ: Նախորդ 6 խաղերում Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվողը խփել է 6 գոլ եւ վստահորեն գլխավորում է Եվրո-2016-ի ռմբարկուների ցուցակը: Նրան հետապնդող Ռոնալդուն, Օլիվյե Ժիրուն, Դիմիտրի Պայետը, Գարեթ Բեյլը, Լուիշ Նանին ու Ալվարո Մորատան դարձել են 3-ական գոլի հեղինակ:

Բուքմեյքերների ֆավորիտը

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում ֆրանսիացիներին, որոնց հաղթանակի համար սահմանել է 2.1 գործակից: Պորտուգալիայի հաղթանակի գործակիցը 4.5 է, իսկ ոչ ոքին՝ 2.88: Առաջնությունից առաջ Ֆրանսիան համարվում էր Եվրոպայի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտն: Ֆրանսիացիների չեմպիոնությունը գնահատվում էր 4 գործակցով, իսկ պորտուգալացիներինը՝ 15:

Հիշեցնենք, որ այս տարի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանեց Եվրոպայի նախորդ 2 առաջնությունների հաղթող Իսպանիայի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 0:2 հաշվով պարտվեց իտալացիներին:

Եվրո-2016, եզրափակիչ

Պորտուգալիա - Ֆրանսիա՝ 23:00 (Երեւանի ժամանակով)

Հավանական մեկնարկային կազմեր

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Բրունու Ալվեշ, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Դանիլու, Ադրիեն Սիլվա, Ռենատու Սանչես, Ժոաո Մարիու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու:

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:

Գլխավոր մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով