12:26 10 հուլիսի, 2016Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մոտեցավ ավարտին: Հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականնները: Դեպի Եվրոպայի երրորդ չեմպիոնությանը շարժվող ֆրանսիացիների տոնը կփորձեն փչացնել պորտուգալացիները, որոնք երբեք չեն հաղթել աշխարհամասի առաջնությունում եւ երկրորդ անգամ են խաղալու եզրափակիչում (առաջինը՝ տնային եվրո-2004-ում էր):
Անցած ուղին Եվրո-2016-ում
Ֆրանսիացիները Եվրո-2016-ում չեն հաղթել միայն մեկ խաղում: Խմբային փուլի երրորդ տուրում Դիդյե Դեշամի թիմը 0:0 հաշվով ավարտեց Շվեյցարիայի դեմ խաղը, որում ոչ ոքին ապահովում էր խմբում առաջին տեղը: Խմբային փուլում ֆրանսիացիները հաղթել էին Ռումինիային (2:1) ու Ալբանիային (2:0), փլեյ-օֆֆում՝ Իռլանդիային (2:1) ու Իսլանդիային (5:2), իսկ կիսաեզրափակիչում ոչ այնքան տպավորիչ խաղով ուժեղ գտնվեցին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականից (2:0):
Հատկանշական է, որ Պորտուգալիայի հավաքականը եզրափակիչի ճանապարհին միայն մեկ խաղում է հաղթել հիմնական ժամանակում: Պորտուգալացիները, խմբային փուլում ոչ ոքի խաղալով Իսլանդիայի (1:1), Ավստրիայի (0:0) ու Հունգարիայի (3:3) հետ, երրորդ տեղով դուրս եկան 1/8 եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով առավելության հասան Խորվաթիայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում մրցակիցը լեհերն էին, որոնք պարտվեցին հետխաղյա 11 մետրանոցներով: Կիսաեզրափակիչում էլ Պորտուգալիայի թիմն ուժեղ գտնվեց Ուելսից՝ 2:0:

Կորուստներ
Ֆրանսիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին: Ֆրանսիական մամուլի համաձայն՝ Դիդյե Դեշամն ընտրելու է նույն մեկնարկային կազմը, որը խաղաց կիսաեզրափակիչում: Մեկնարկային կազմ կարող է վերադառնալ միայն «Լեսթերի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն:
Պորտուգալիայի հավաքականը կարող է ունենալ մեկ կարեւորագույն կորուստ: Ուելսի դեմ կիսաեզրափակիչի խաղը վնասվածքի պատճառով բաց թողեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն, որի մասնակցությունը հարցականի տակ է եզրափակիչին: Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հույս է հայտնել, որ Պեպեն կկարողանա դուրս գալ խաղադաշտ:

Պատմությունը Ֆրանսիայի օգտին է
2 ազգային թիմերի միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2015-ի սեպտեմբերի 4-ին, երբ պորտուգալացիները նվազագույն հաշվով պարտվել են տնային ընկերական խաղում: Պորտուգալիայի հավաքականը նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել է 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):

Ռոնալդուն՝ պատմական ռեկորդի շեմին, Գրիզմանը՝ «Ոսկե խաղակոշիկի»
Որքան էլ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոնալդուն հայտարարի, որ Պորտուգալիայի հավաքականը միայն Կրիշտիանուն չէ, այնուամենայնիվ, առանց նրա պորտուգալացիները դժվար թե այսքան հեռու գնային: Եվրո-2016-ում Ռոնալդուն արդեն սահմանել է մի քանի ռեկորդ, եւ մոտ է հզոր ցուցանիշի: Ուելսի հավաքականի դեմ կիսաեզրափակիչի խաղում Ռոնալդուն 9-րդ գոլը խփեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում եւ կրկնեց ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինիի ռեկորդը: Եզրափակիչում աչքի ընկնելու դեպքում նա կդառնա Եվրոների պատմության լավագույն ռմբարկուն: Ավելի վաղ Ռոնալդուն նաեւ դարձել էր պատմության առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Եվրոպայի 4 առաջնություններում ու մասնակցում 3 Եվրոների կիսաեզրափակիչներին: Բացի այդ, 31-ամյա պորտուգալացին դարձել է նաեւ Եվրոպայի առաջնություններում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը (20 հանդիպում): Սակայն ուշագրավ է մեկ կարեւոր վիճակագրություն: Պորտուգալիայի թիմի ավագը հավաքականում 13 տարվա կարիերայի ընթացքում երբեք գոլ չի խփել եվրոպական առաջատարներին՝ Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Անգլիայի հավաքականներին:

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր հույսերից է Անտուան Գրիզմանը, որի հրաշալի խաղի արդյունքում ֆրանսիացիները հասան եզրափակիչ: Նախորդ 6 խաղերում Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվողը խփել է 6 գոլ եւ վստահորեն գլխավորում է Եվրո-2016-ի ռմբարկուների ցուցակը: Նրան հետապնդող Ռոնալդուն, Օլիվյե Ժիրուն, Դիմիտրի Պայետը, Գարեթ Բեյլը, Լուիշ Նանին ու Ալվարո Մորատան դարձել են 3-ական գոլի հեղինակ:

Բուքմեյքերների ֆավորիտը
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում ֆրանսիացիներին, որոնց հաղթանակի համար սահմանել է 2.1 գործակից: Պորտուգալիայի հաղթանակի գործակիցը 4.5 է, իսկ ոչ ոքին՝ 2.88: Առաջնությունից առաջ Ֆրանսիան համարվում էր Եվրոպայի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտն: Ֆրանսիացիների չեմպիոնությունը գնահատվում էր 4 գործակցով, իսկ պորտուգալացիներինը՝ 15:
Հիշեցնենք, որ այս տարի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանեց Եվրոպայի նախորդ 2 առաջնությունների հաղթող Իսպանիայի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 0:2 հաշվով պարտվեց իտալացիներին:

Եվրո-2016, եզրափակիչ
Պորտուգալիա - Ֆրանսիա՝ 23:00 (Երեւանի ժամանակով)
Հավանական մեկնարկային կազմեր
Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Բրունու Ալվեշ, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Դանիլու, Ադրիեն Սիլվա, Ռենատու Սանչես, Ժոաո Մարիու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու:
Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:
Գլխավոր մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)

Դավիթ Եղիազարյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.