22:48  ,  8 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Նարեկ Աբգարյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել  31-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցության իրավունք ձեռք բերած Հայաստանի օլիմպիականներին: Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին՝Ռիո դե Ժանեյրոյում:

Նարեկ Աբգարյան բռնցքամարտ, 52 կգ քաշային կարգ

Ծնվել է 1992 թվականի հունվարի 6-ին։

Ամուսնացած չէ:

Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2008թ. պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2012թ. Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, 2013-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է Վազգեն Սարգսյանի մեդալով, միջազգային մրցաշարերի հաղթող է, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասնակից։

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում անցկացված վարկանիշային մրցաշարում։

Անձնական մարզիչն է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։

Ամեն ինչ սկսվեց...

Բռնցքամարտն իմ գեներում եղել է, արյանս մեջ: Մեր ընտանիքը մարզական ընտանիք է՝ հայրս, հորեղբայրս, ավագ եղբայրս զբաղվել են բռնցքամարտով, հորեղբայրս ԽՍՀՄ չեմպիոն է եղել, այնպես որ՝ ես չէի կարող այլ ճանապարհով գնալ։ Տանն անընդհատ բռնցքամարտի մասին խոսակցություններ էի լսում, մարզումներ տեսնում, քննարկումների մասնակից լինում, այնքան, մինչեւ սկսեցի սիրել այս մարզաձեւը։ Այդպես, մի օր եղբորս հետ որոշեցինք շարունակել հորս եւ հորեղբորս ավարտին չհասցված գործը եւ դառնալ բռնցքամարտիկներ։ Այդ ժամանակ Մասիս քաղաքում էինք ապրում։ Հետո տեղափոխվեցինք Էջմիածին՝ իմ ծննդավայր, այնտեղ շարունակեցի մարզվել։ 13 տարեկանում մասնակցեցի իմ առաջին միջազգային մրցաշարին՝ Պյատիգորսկում գրավեցի առաջին տեղը, ստացա լավագույն մենամարտ անցկացրած մարզիկի մրցանակ։ Այդ հաղթանակից ոգեւորվեցի ու սկսեցի ավելի լուրջ մարզվել, արդեն ավելի լուրջ մոտեցում սկսեցի ցուցաբերել ընտրածս մարզաձեւին։ Երեւի այդ տարիքից հասկացա, որ բռնցքամարտը լինելու է իմ կյանքի ուղեկիցը։

Սիրում եմ այս մարզաձեւը, սիրելով եմ մարզվում, մրցումների մասնակցում, հաղթանակներ գրանցում, նույնիսկ պարտությունները չեն կոտրում իմ սերը բռնցքամարտի նկատմամբ։ Ինձ համար բռնցքամարտը վաղուց դադարել է լինել սպորտ, որով ես զբաղվում եմ։ Սա իմ կյանքն է, կենսակերպը։

Ռիոյի ուղեգիրը նվաճեցի...

Օլիմպիական ուղեգիրը նվաճեցի Թուրքիայում անցկացված վարկանիշային մրցաշարում։ Այդ շրջանում սահմանում շատ լարված օրեր էին, քառօրյա պատերազմի օրերն էին։ Իսկ մենք՝ Թուրքիայում։ Ու պետք է Թուրքիայի ռինգից հաղթանակած իջնեինք։ Հիշում եմ, թե ինչպես ռինգ դուրս գալուց առաջ ես եւ Արամ Ավագյանը՝ ընկերս, հայրենասիրական երգեր էինք լսում, մարտական դիրքերից կադրեր էինք նայում, ամեն մեկս ականջակալներով անմիջապես մրցելույթից առաջ հայրենասիրական, գոտեպնդող երգեր էինք լսում։ Այդպես տրամադրում էինք մեզ միայն հաղթանակի։ Ու ստացվեց։ Բոլորիս մոտ ստացեց։ Եվ դա պատահականություն չէր։

Ես գնում եմ Ռիո...

Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն է եւ առաջին օլիմպիական վարկանիշը։ Մեծ ոգեւորվածությամբ եմ գնում Ռիո։ Օլիմպիական խաղերին մասնակցելը իմ մանկության երազանքն է եղել։ Մանկուց իմ առջեւ նպատակ էի դրել, որ ես պետք է մասնակցեմ այդ մեծ սպորտային միջոցառմանը։ Հայրս ու հորեղբայրս չեն մասնակցել, բայց իրենք էլ շատ են ուզել։ Ես իրականացրեցի նրանց երազանքներից մեկը։ Հաջորդը եւ ամենակարեւորը մեդալ նվաճելն է։

Սպասումներ, հույսեր․․․

Ինչպես բոլորը, ես էլ երազում եմ օլիմպիական ոսկե մեդալով վերադառնալ։ Սպասելիքներ կան, իսկապես մեծ հույսերով եմ գնում Օլիմպիական խաղերի։ Հույս ունեմ, որ մեդալ կկարողանամ նվաճել, բայց թե որ գույնի, չեմ կարող ասել։ Եթե գոնե մեդալ նվաճեմ, կմտածեմ, որ երազանքս իրականացավ։ 

Անձնական մարզիչ Կարեն Աղամալյան

Նարեկ Աբգարյանին մարզում եմ 12 տարի՝ 2004 թվականից։ Շատ տաղանդավոր մարզիկ է։ Երկար ժամանակ չէր բացվում ռինգում։ Մեծ փորձ ունի մեծ ռինգում։ 18 տարեկանում մասնակցեց Անկարայում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Վերջին երկու տարիների ընթացքում Նարեկ Աբգարյանը սկսեց կայուն բռնցքամարտ վարել։ Ամենակայուն մենամարտեր անցկացնող մարզիկներից է։ Որքան միջազգային մրցաշարերի մեկնել ենք, առանց արդյունքի չի եկել։

Թուրքիայի վարկանիշային մրցաշարում ես հավատում էի, որ Նարեկը վարկանիշ ձեռք կբերի։ Թուրքիայի ռինգում նա ոչ թե գերազանցեց իրեն, այլ արեց այն, ինչ պետք է աներ՝ բավականին ուժեղ տղաների հաղթեց։

Ինչպես Նարեկը, այնպես էլ Ռիո մեկնող մյուս բռնցքամարտիկները շատ լավ գիտակցում են՝ ուր են գնում, ինչի համար են գնում։ Նպատակով պատրաստվում է Նարեկը: Լավ արդյունքի, մեդալի սպասելիքով մեկնում ենք Ռիո։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով