11:41  ,  8 հուլիսի, 2016

Յոահիմ Լյով. Եզրափակիչում Ֆրանսիան կհաղթի Պորտուգալիային

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում ֆրանսիացիներից կրած պարտությունը:

«Ֆրանսիան արժանի էր եզրափակիչ դուրս գալուն, դրա հետ բարդ է չհամաձայնել, քանի որ նրանք կիսաեզրափակիչում հաղթեցին 2:0 հաշվով: Կարծում եմ՝ եզրափակիչում Ֆրանսիան կհաղթի Պորտուգալիային: Պորտուգալացիները դեռ լավ խաղ չեն ցուցադրել այս մրցաշարում: Ֆրանսիացիներն ունեն լավ թիմ, բայց մենք ավելի լավ խաղացինք այսօր: Մրցաշարը հաջող էր դասավորվում մեզ համար եւ մենք ցուցադրում էինք հիանալի խաղ: Իմ ֆուտբոլիստները մեծ ձգտում էին դրսեւորում խաղերին ու մարզումներին: Նույնիսկ նրանք, ովքեր դուրս չէին գալիս խաղադաշտ, օգնում էին թիմին: Վերլուծելու գրեթե ոչինչ չկա: Ես իմ թիմի մասնակցությամբ սխալներ չտեսա:

11 մետրանոցի դրվագում հաջողությունը երես էր թեքել մեզանից: Երբ մենք պարտվեցինք Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում ու ԱԱ-2010-ում, մրցակիցը մեզանից ուժեղ էր: Այսօր ուժեղ էինք մենք, բայց հաղթեց Ֆրանսիան: Խեդիրայի, Հումելսի, Գոմեսի ու Բոատենգի բացակայությունը զգալ տվեց: Նրանք ուժեղ ֆուտբոլիստներ են, որոնց փոխարինելը շատ բարդ է: Սակայն տղաներն այսօր արեցին հնարավոր ամեն բան: Վնասվածք ստացածներին փոխարինածները ցուցադրեցին իրենց ուժերի առավելագույնը»,- Լյովի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան կիսաեզրափակիչում 0:2 հաշվով պարտվել էր Ֆրանսիայի հավաքականին, որը հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայանալիք եզրափակիչում կմրցի պորտուգալացիների հետ:

Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականի միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Պորտուգալացիները նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել են 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս