20:40  ,  6 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Մեծ պատիվ է լինել առաջին հայ ֆուտբոլիստը Պրեմյեր լիգայում

Մեծ պատիվ է լինել առաջին հայ ֆուտբոլիստը Անգլիայի Պրեմյեր լիգայում, «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանում ամենահայտնի ակումբներից մեկն է, ասել է Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական ակումբ տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» ակումբային հեռուստաալիքին:

«Մեծ հնարավորություն ու նոր մարտահրավեր է ինձ համար խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», կձգտեմ ցուցադրել իմ լավագույն որակները: Գործոններից մեկը Ժոզե Մոուրինյոն էր «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրելու հարցում, բայց դժվար է մերժել այսպիսի թիմի առաջարկը: Ինձ համար հաճելի կլինի խաղալ Ռունիի, Իբրահիմովիչի նման խաղացողների հետ: Հրաշալի մրցաշրջան է սպասվում: Կարծում եմ՝ ամեն ինչ ճիշտ է իմ կյանքում, եւ քայլ առ քայլ առաջ եմ գնում:

Պրեմյեր լիգան աշխարհի ուժեղագույն առաջնությունների մեկն է եւ ուրախ եմ լինել այստեղ: Կագավան ու Յանուզայը իմ ընկերներն են եւ քննարկել ենք «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելս: Այժմ ես այստեղ եմ: Իմ երկրում եւս սպասում էին այս տեղափոխությանը:

Տարօրինակ կլինի մրցել նախկին թիմակիցներիս հետ, այն էլ հենց առաջին խաղում, բայց ինչ արած, «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ իմ նոր թիմն է: «Օլդ Տրաֆորդը» աշխարհի ամենահրաշալի ստադիոնների մեկն է, շատ հետաքրքիր կլինի խաղալ այստեղ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

27-ամյա ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը հուլիսի 22-ին Չինաստանի Շանհայ քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում