11:05  ,  22 հունիսի, 2016

Ռամոս. Մոդրիչը հիանալի գիտի ինձ, նա հուշել է դարպասապահին

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Խորվաթիայի դեմ Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղում չիրացված 11 մետրանոցի դրվագը: 72-րդ րոպեին, երբ Ռամոսը պատրաստվում էր իրացնել 11 մետրանոցը, խաղը բաց թողած Լուկա Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի փոխարինողների նստարանից թիմի ավագ Դարիո Սռնայի օգնությամբ խորվաթ դարպասապահ Դանիել Սուբաշիչին հուշել էր, թե որ կողմ է հարվածելու իր ակումբակիցը:

«Մոդրիչը նրան ասել էր, որ հարվածելու եմ աջ անկյունը: Նա հիանալի գիտի ինձ: Մենք միասին ենք մարզվում ամեն օր: Դարպասապահը սպասեց մինչեւ վերջ եւ ցատկեց այն անկյունը, որտեղ ես պետք է հարվածեի: 11 մետրանոցներից կարող է վրիպել միայն նա, ով դրանք իրացնում է: Հուսով եմ՝ այդ վրիպումը վճռորոշ չի լինի: Նախընտրում եմ 11 մետրանոցը չիրացնել խմբային փուլում, քան փլեյ-օֆֆի խաղերում»,- Ռամոսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Ռամոսը 72-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպել էր 1:1 հաշվի ժամանակ, իսկ վերջնամասում խորվաթները կամային հաղթանակ էին տարել եւ 7 միավորով գրավել D խմբի առաջին տեղը: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան 6 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 1/8 եզրափակիչում կհանդիպի Իտալիային: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս