01:40  ,  22 հունիսի, 2016

Եվրո-2016. 12 հավաքականներ ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիր

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին օրվանից առաջ 12 հավաքականներ ապահովել են 1/8 եզրափակիչի ուղեգիր:

A, B, C եւ D խմբերից առաջին ու երկրորդ տեղերով փլեյ-օֆֆ են դուրս եկել Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուելսը, Անգլիան, Գերմանիան, Լեհաստանը, Խորվաթիան ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան: Իտալիան ժամանակից շուտ ապահովել է E խմբի առաջին տեղը, իսկ Սլովակիան ու Հյուսիսային Իռլանդիան փլեյ-օֆֆ են դուրս եկել երրորդ տեղերով: Սլովակիան ունի 4 միավոր, իսկ Հյուսիսային Իռլանդիան A ու D խմբերում երրորդ տեղ գրաված Ալբանիայի եւ Թուրքիայի պես հավաքել է 3 միավոր, սակայն բրիտանական թիմն ուղեգիր է ապահովել խփած եւ բաց թողած գոլերի տարբերության շնորհիվ: F խմբի առաջատար Հունգարիան եւս ունի 4 միավոր եւ, անկախ վերջին տուրի արդյունքից, կխաղա փլեյ-օֆֆում: 

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղեր գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով