14:43  ,  14 հունիսի, 2016

Անտոնիո Կոնտե. Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ ֆուտբոլում ոչինչ նախապես հայտնի չէ

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը Բելգիայի նկատմամբ Եվրո-2016-ի խմբային փուլի առաջին տուրում: Եվրոպայի առաջնությունից հետո Կոնտեն կգլխավորի Լոնդոնի «Չելսին»:

«Երկու թիմերն էլ ցուցադրեցին դիտարժան ֆուտբոլ, պահեր էին լինում երկու դարպասների մոտ էլ: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ ֆուտբոլում ոչինչ նախապես հայտնի չէ: Խաղի ճակատագիրը վճռվում է խաղադաշտում:

Հենց սկզբից էլ ասել եմ, որ այս թիմում առաջին հերթին տղամարդիկ են, հետո նոր միայն ֆուտբոլիստներ: Սա շատ կարեւոր է, քանի որ այսպիսի մրցաշարերում անհրաժեշտ է ներթիմային ալքիմիա՝ մարդիկ պետք է ընդհանուր լեզու գտնեն եւ հասկանան իրար: Հրաշալի էր տեսնել, թե ինչպես է ամբողջ թիմը պահեստայինների հետ ուրախանում գոլերին: Մենք ունենք հրաշալի թիմային ոգի:

Մեկ օր կուրախանանք եւ կսկսենք պատրաստվել Շվեդիայի դեմ հաջորդ խաղին: Դեռ թարմ է հիշողություններն աշխարհի առաջնությունից, որտեղ սկսեցինք Անգլիայի նկատմամբ հաղթանակով, բայց պարտվեցինք Կոստա Ռիկային: Խաղացողներն ու երկրպագուները դեռ հիշում են այդ մասին: Պետք է բացառել այդպիսի սխալը»,- Անտոնիո Կոնտեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Եվրո-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը Իտալիայի հավաքականը կանցկացնի հունիսի 17-ին: Մրցակիցը Շվեդիան է, որն առաջին հանդիպումը 1:1 հաշվով է ավարտել Իռլանդիայի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News