00:50  ,  14 հունիսի, 2016

Եվրո-2016. Իտալիան մեկնարկեց Բելգիայի նկատմամբ հաղթանակով (ֆոտոշարք)

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին տուրի խաղում E խմբում ընդգրկված Իտալիայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ բելգիացիների նկատմամբ:

Լիոնում կայացած հանդիպման սկզբանամասն անցնում էր հավասար պայքարում: 2 թիմերի գրոհների փորձերն էլ վտանգավոր չէին ստացվում: Թիմերը հաճախ փորձում էին դարպասը գրավել հեռվից հարվածներով: Առաջին խաղակեսի միջնամասում բելգիացիները կարծես ավելի լավ տեսք ունեին, բայց հաշիվը բացեցին իտալացիները: 32-րդ րոպեին «Բոլոնիայի» կիսապաշտպան Էմանուելե Ջակերինին խորքից գերազանց փոխանցում ստացավ Լեոնարդո Բոնուչիից եւ, մեն-մենակ դուրս գալով Տիբո Կուրտուայի դեմ, գրավեց դարպասը: Գոլից հետո Իտալիայի թիմը շարունակում էր գրոհել եւ շուտով կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն անգլիական «Սաութհեմփթոնի» հաձակվող Գրացիանո Պելեն հարմար դիրքից գլխով շեղ հարվածեց: Խաղակեսի վերջնամասում թիմերն ակտիվացել էին եւ փոխանակվեցին վտանգավոր պահերով, բայց մինչեւ ընդմիջում հաշիվը չփոխվեց:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում խաղադաշտում բաց ֆուտբոլ էր: Նախ իրական գոլային պահ կորցերց Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն, իսկ քիչ անց նրա օրինակին հետեւեց իտալացի Գրացիանո Պելեն: Ժամանակն անցնում էր, իսկ բելգիացիներին չէր հաջողվում ստեղծել իրական գոլային պահեր, թեեւ նրանք ավելի շատ էին գրոհում: Իտալացիները դիմացան ճնշմանը, իսկ վերջնամսում խփեցին նաեւ երկրորդ գոլը: Հակագրոհի արդյունքում խաղի վերջակետը դրեց Գրացիանո Պելեն:

Հիշեցնենք, որ E խմբում են ընդգրկված նաեւ Շվեդիայի եւ Իռլանդիայի հավաքականները, որոնք հունիսի 13-ին ոչ ոքին էին խաղացել Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում՝ 1:1:

Երկրորդ տուրում Իտալիան հունիսի 17-ին Թուլուզում կմրցի Շվեդիայի հետ, իսկ Բելգիան իռլանդացիներին կհանդիպի մեկ օր անց Բորդոյում:

Եվրո-2016, առաջին տուր

E խումբ, Լիոն

Բելգիա - Իտալիա՝ 0:2

Էմանուելե Ջակերինի, 32, Գրացիանո Պելե, 90+3

Բելգիա. Տիբո Կուրտուա, Լորան Սիման (Յաննիկ Ֆերեյրա Կարասկո, 76), Տոբի Ալդերվեյրելդ, Յան Վերտոնգեն, Թոմաս Վերմալեն, Ռաջա Նաինգոլան (Դրիս Մերտենս, 62), Ակսել Վիտսել, Մարուան Ֆելաինի, Կեւին Դե Բրույնե, Էդեն Ազար, Ռոմելու Լուկակու (Դիվոկ Օրիջի, 73):

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Մատեո Դարմիան (Մատիա Դե Շիլիո, 58), Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Դանիելե Դե Ռոսի (Տյագո Մոտա, 78), Էմանուելե Ջակերինի, Մարկո Պարոլո, Անտոնիա Կանդրեւա, Էդեր (Չիրո Իմոբիլե, 75), Գրացիոնո Պելե:

Ֆոտո՝ UEFA.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով