13:04  ,  19 մայիսի, 2016

«Բորուսիան» կողմնորոշվել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքի հարցում

Դորտմունդի «Բորուսիան» կողմնորոշվել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ բաժանվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, որը հրաժարվում է երկարաձգել գործող պայմանագիրը:

Գերմանական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո, գրում է Goal.com-ը՝ հղում անելով Bild թերթին:

Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ հայ ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, քանի որ «Բորուսիան» նոր համաձայնագրում չի ցանկանում նշել կլաուզուլա (տրանսֆերի նվազագույն արժեքը, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պարտավոր է վաճառել ֆուտբոլիստին):

Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»:

Հայ կիսապաշտպանի եւ «Բորուսիայի» միջեւ գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը: Նրան ձեռք բերելու համար գերմանական ակումբը 2013-ին 27.5 միլիոն եվրո է վճարել Դոնեցկի «Շախտյորին»: Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխը մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: Գերմանական Kicker-ն ու DW-ն նրան ճանաչել էին Բունդեսլիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով