18:06  ,  9 մայիսի, 2016

Լեւոն Արոնյան. Ուժեղ էին խաղում երեխաները (ֆոտոշարք)

Գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Զավեն Անդրիասյանը մայիսի 9-ին Երեւանի Մանկական զբոսայգում (Կոմայգի) մեկ ժամից ավելի տեւողությամբ միաժամանակյա խաղի սեանս անցկացրեցին Հայաստանի 30 լավագույն պատանիների հետ: Յուրաքանչյուր շախմատիստի դեմ միաժամանակ խաղում էր 10 պատանի:

«Երեք գրոսմայստերների հետ հանդիպումը նախաձեռնել է Երեւանի շախմատի ֆեդերացիան: Խաղին մասնակցում են  մինչեւ 12 տարեկանների Հայաստանի առաջնության մրցանակակիրներ, աշխարհի եւ Եվրոպայի առաջնության մասնակիցներ՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Արմավիրից:

Ընտրել ենք այս պահին Երեւանում գտնվող մեր ամենաուժեղ շախմատիստներին: Մեր նպատակն է նման հանդիպումներով խթանել Հայաստանում շախմատի էլ ավելի լայնածավալ զարգացմանը: Լավագույն խաղացողները պարգեւատրվեցին արժեքավոր գրականությամբ, Լեւոն Արոնյանի, Տիգրան Պետրոսյանի մասին գրքերով»,- ասաց Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը:

Լեւոն Արոնյանի հետ խաղացող երեխաներից միայն երկուսին հաջողվեց պարտիան ավարտել ոչ ոքի: 8-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանն առաջինն էր, ով Լեւոն Արոնյանի հետ մեկ ժամ տեւած խաղում թույլ չտվեց, որ գրոսմայստերն առավելության հասնի, խաղն ավարտեց ոչ ոքի արդյունքով: 8-ամյա Ռոբերտը մինչեւ 10 տարեկանների Հայաստանի չեմպիոնն է: Նրա խոսքով, Լեւոն Արոնյանն իր հետ խաղում մի քանի տեղ լավ չխաղաց, այդ պատճառով էլ չհաղթեց:

«Առաջին անգամ չէ, որ ուժեղագույն շախմատիստների հետ եմ խաղում: Միաժամանակյա պարտիաներ եմ խաղացել աշխարհի չեմպիոն Մանգուս Կարլսենի, Ռաֆայել Վահանյանի հետ: Մանգուս Կարլսենի հետ խաղում պարտվել եմ: Լեւոն Արոնյանի հետ խաղալուց հաղթանակի չէի տրամադրվել, մտածում էի, որ միեւնույն է չեմ կարողանալու: Բայց չէի էլ սպասում, որ ոչ ոքի կավարտենք պարտիան: Լեւոն Արոնյանն իմ ամենասիրած շախմատիստն է,  շատ արագ էր խաղում, դժվար է նրա հետ խաղալը: Ոչ ոքի արդյունք եղավ, որովհետեւ մի քանի տեղ Լեւոնը մի քիչ վատ խաղաց»,- ասաց մինչեւ 10 տարեկանների Հայաստանի չեմպիոնը:

8-ամյա Ռոբերտի «նկատողությանը», Լեւոն Արոնյանը կատակով արձագանքեց. «Դե աճելու տեղ ունեմ: Չէ, իսկապես մի քանի տեղ լավ չխաղացի: Ուժեղ էին խաղում երեխաները: Հաճելի էր խաղալը: Ուրախ եմ, որ այսպիսի սերունդ է մեծանում: Երեխաների հետ խաղում երբեմն անակնկալի ես գալիս. մտածում ես՝ լավ չեն խաղա, քայլերը չեն տեսնում ու հանկարծ անկնկալի ես գալիս, թե ինչ խելացի քայլեր են անում»:

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի հետ խաղում երեխաներից միայն մեկին հաջողվեց ոչ ոքի ավարտել պարտիան: Իսկ Զավեն Անդրիասյանը 10 պարտիաներում էլ հաղթանակ տարավ:

«Միշտ կողմ եմ այսպիսի միջոցառումներին, քանի որ այսկերպ երեխաները հնարավորություն են ստանում խաղալ, մրցել, իրենց ուժերը չափել գրոսմայստերների հետ, ինչ-որ բաներ սովորել շախմատիստներից եւ, իհարկե, որոշ բաներ նաեւ իրենք են սովորեցնում շախմատիստներին: 2-3 տախտակի վրա շատ լավ էին խաղում այսօր երեխաները»,- նշեց Զավեն Անդրիասյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով