23:25  +04,  16 ապրիլի, 2016

Հռիփսիմե Խուրշուդյան. Մեր թիմը Նորվեգիայում նվաճած հաղթանակները նվիրում է մեր զինվորներին

Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում հերոսաբար զոհված եւ հիմա սահմանին կռվող մեր զինվորներին: Մենք նրանցով ենք ուժեղ, ու համոզված եմ, որ նրանք էլ մեր հաղթանակներով են ուժեղ: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Նորվեգիայից ասաց ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 2007 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հռիփսիմե, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Մայրանալուց  հետո առաջին ոսկե մեդալդ նվաճեցիր: Ի՞նչ զգացողություններ ունես:

Շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ, անչափ երջանիկ եմ: Ուղղակի անբացատրելի երջանկության զգացողություններ ունեմ: Շատ լավ եմ ինձ զգում՝ ինչպես չեմպիոնն է իրեն զգում: Ավելին ասեմ՝ 20 օրում՝ երկու անգամ եմ չեմպիոն դառնում, եւ հենց այդ պատճառով ուրախությունս կրկնակի է ու աննկարագրելի: Ամեն մոտեցմանը բարձրանալիս տղաս էր մտքումս, ու ինքս ինձ ասում էի, որ նրա համար անպայման պետք է բարձրացնեմ, քանի որ հաստատ այս պահին հեռուստացույցի առջեւ նստած ինձ է հետեւում:

Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցիր 2007 թվականին: Կրկնակի Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակում ինչպե՞ս ես քեզ զգում:

Այս անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելն ինձ համար սեփական խոստումս կատարելու նշանակություն ուներ: Տղայիս ծնվելուց հետո ես խոսք էի տվել մարզաշխարհին, հայ ժողովրդին ու նաեւ ինքս ինձ, որ ես վերադառնալու եմ մեծ սպորտ եւ մեր ազգին դեռ մեծ հաղթանակներ եմ պարգեւելու: Ու ինձ համար շատ կարեւոր էր այս հաղթանակը, այդ խոստումս սկսեցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսով: Անկեղծ կլինեմ, որ ինձ համար սա հերոսություն է: Ու ինձ հրաշալի եմ զգում Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կարգավիճակում:

Բարդ տրվե՞ց քեզ այս հաղթանակը:

Բարդ չէր, անկեղծ կլինեմ, քանի որ այդքան էլ ուժեղ մրցակիցներ չկային: Այնքան, որքան ես բարձրացրեցի չեմպիոնության համար, նախապես մարզչական խորհրդով որոշել էինք, որ այդքանով սկսելու եմ պայքարս: Բայց բոլորն էլ տեսան, որ նույնիսկ հրում վարժությունում ես երրորդ փորձին չմոտեցա, էլ անհրաժեշտություն չկար: Բայց սա այն կիլոգրամները չէին, որոնք ես բարձրացնում էի մարզումների ժամանակ: Եթե լուրջ մրցակից ունենայի, ավելի կիլոգրամների էլ կգնայի ու էլի ամեն ինչ կանեի, որ կրկին չեմպիոնի տիտղոսն իմը լիներ:

Մրցահարթակ դուրս գալիս նաեւ մեծ պատասխանատվության զգացում ունեի, որ անպայման պետք է ամեն ինչ անեմ, որ չեմպիոն դառնամ, քանի որ իմ չեմպիոնությունով մեր՝ կանանց թիմը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դառնալու էր թիմային հաշվարկում չեմպիոն: Ինձանից շատ բան էր կախված: Եվ ես ուղղակի պարտավոր էի հաղթել: Ու ուրախ եմ, որ առաջին անգամ մենք թիմային հաշվարկով եւ մեդալների քանակով առաջինն ենք, ինչի համար այսօրվա իմ հաղթանակի համար կրկնակի եմ ուրախանում:

Նազիկ Ավդալյանի նման դու եւս ուղիղ եթերում քո հաղթանակը նվիրեցիր Արցախում հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին:

Շատ կարեւոր էր ինձ համար հաղթելն ու մեր զինվորներին նվիրելը: Ես ու մեր ամբողջ թիմը Նորվեգիայում նվաճած մեր հաղթանակները նվիրում ենք մեր զինվորներին: Ես 20 օրվա մեջ նվաճած իմ երկու հաղթանակները Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությունում ու Եվրոպայի առաջնությունում նվիրում եմ Ղարաբաղում հերոսաբար զոհված մեր զինվորների հիշատակին եւ հիմա սահմանին կռվող մեր տղաներին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ