23:25 16 ապրիլի, 2016Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում հերոսաբար զոհված եւ հիմա սահմանին կռվող մեր զինվորներին: Մենք նրանցով ենք ուժեղ, ու համոզված եմ, որ նրանք էլ մեր հաղթանակներով են ուժեղ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Նորվեգիայից ասաց ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 2007 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:
Հռիփսիմե, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Մայրանալուց հետո առաջին ոսկե մեդալդ նվաճեցիր: Ի՞նչ զգացողություններ ունես:
Շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ, անչափ երջանիկ եմ: Ուղղակի անբացատրելի երջանկության զգացողություններ ունեմ: Շատ լավ եմ ինձ զգում՝ ինչպես չեմպիոնն է իրեն զգում: Ավելին ասեմ՝ 20 օրում՝ երկու անգամ եմ չեմպիոն դառնում, եւ հենց այդ պատճառով ուրախությունս կրկնակի է ու աննկարագրելի: Ամեն մոտեցմանը բարձրանալիս տղաս էր մտքումս, ու ինքս ինձ ասում էի, որ նրա համար անպայման պետք է բարձրացնեմ, քանի որ հաստատ այս պահին հեռուստացույցի առջեւ նստած ինձ է հետեւում:
Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցիր 2007 թվականին: Կրկնակի Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակում ինչպե՞ս ես քեզ զգում:
Այս անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելն ինձ համար սեփական խոստումս կատարելու նշանակություն ուներ: Տղայիս ծնվելուց հետո ես խոսք էի տվել մարզաշխարհին, հայ ժողովրդին ու նաեւ ինքս ինձ, որ ես վերադառնալու եմ մեծ սպորտ եւ մեր ազգին դեռ մեծ հաղթանակներ եմ պարգեւելու: Ու ինձ համար շատ կարեւոր էր այս հաղթանակը, այդ խոստումս սկսեցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսով: Անկեղծ կլինեմ, որ ինձ համար սա հերոսություն է: Ու ինձ հրաշալի եմ զգում Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կարգավիճակում:
Բարդ տրվե՞ց քեզ այս հաղթանակը:
Բարդ չէր, անկեղծ կլինեմ, քանի որ այդքան էլ ուժեղ մրցակիցներ չկային: Այնքան, որքան ես բարձրացրեցի չեմպիոնության համար, նախապես մարզչական խորհրդով որոշել էինք, որ այդքանով սկսելու եմ պայքարս: Բայց բոլորն էլ տեսան, որ նույնիսկ հրում վարժությունում ես երրորդ փորձին չմոտեցա, էլ անհրաժեշտություն չկար: Բայց սա այն կիլոգրամները չէին, որոնք ես բարձրացնում էի մարզումների ժամանակ: Եթե լուրջ մրցակից ունենայի, ավելի կիլոգրամների էլ կգնայի ու էլի ամեն ինչ կանեի, որ կրկին չեմպիոնի տիտղոսն իմը լիներ:
Մրցահարթակ դուրս գալիս նաեւ մեծ պատասխանատվության զգացում ունեի, որ անպայման պետք է ամեն ինչ անեմ, որ չեմպիոն դառնամ, քանի որ իմ չեմպիոնությունով մեր՝ կանանց թիմը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դառնալու էր թիմային հաշվարկում չեմպիոն: Ինձանից շատ բան էր կախված: Եվ ես ուղղակի պարտավոր էի հաղթել: Ու ուրախ եմ, որ առաջին անգամ մենք թիմային հաշվարկով եւ մեդալների քանակով առաջինն ենք, ինչի համար այսօրվա իմ հաղթանակի համար կրկնակի եմ ուրախանում:
Նազիկ Ավդալյանի նման դու եւս ուղիղ եթերում քո հաղթանակը նվիրեցիր Արցախում հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին:
Շատ կարեւոր էր ինձ համար հաղթելն ու մեր զինվորներին նվիրելը: Ես ու մեր ամբողջ թիմը Նորվեգիայում նվաճած մեր հաղթանակները նվիրում ենք մեր զինվորներին: Ես 20 օրվա մեջ նվաճած իմ երկու հաղթանակները Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությունում ու Եվրոպայի առաջնությունում նվիրում եմ Ղարաբաղում հերոսաբար զոհված մեր զինվորների հիշատակին եւ հիմա սահմանին կռվող մեր տղաներին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.