18:05  ,  21 մարտի, 2016

Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը, Անդոնյանն ու Պիզելին ստացել են իրենց մրցանակները

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 21-ին Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է հավաքը՝ նախապատրաստվելով Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Մարտի 22-ին՝ ժամը 17:30-ին, Հայաստանի հավաքականի մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն: Հավատարմագրված լրագրողները մարզումից հետո հնարավորություն կունենան հարցեր ուղղել ֆուտբոլիստներին:

Ֆրանսիական «Դիժոնի» պաշտպան Գաել Անդոնյանը եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ստացել են Հայաստանի տարվա երկրորդ եւ երրորդ լավագույն ֆուտբոլիստի մրցանակները, ՀՖՖ պատվոգրերն ու դրամական պարգեւները: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունից հետո նրանք հնարավորություն չէին ունեցել լինել Հայաստանում եւ ստանալ իրենց մրցանակները: 

Հիշեցնենք, որ Հայաստան - Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 19:00-ին: Դա կլինի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն ազգային թիմի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում