11:52  ,  2 մարտի, 2016

Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 47 տոկոսը՝ առաջ անցնելով «Շտուտգարտի» բոսնիացի հարձակվող Վեդադ Իբիշեւիչից, որը հավաքել է 40 տոկոս ձայն: Լավագույն եռյակը եզրափակել է «Հանովերի» ավագ Կրիստիան Շուլցը՝ 5 տոկոս ձայն:

Հիշեցնենք, որ «Հոֆենհայմի» դեմ տնային խաղում 27-ամյա Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ «Բորուսիան» կամային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով՝ մինչեւ 80-րդ րոպեն լինելով հաշվի մեջ հետապնդողի դերում:

Opta Sports-ի համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 19 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ: Գոլային փոխանցումների ցուցանիշով նա լավագույնն է Եվրոպայի առաջատար առաջնություններում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում