22:22  ,  28 փետրվարի, 2016

Հենրիխ Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը «Բորուսիային» օգնեցին կամային հաղթանակ կորզել

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ տանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հոֆենհայմի» նկատմամբ: Ընդ որում՝ մինչեւ 80-րդ րոպեն հյուրերն առջեւում էին հաշվի մեջ:

Առաջին խաղակեսում «Բորուսիայի» մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում, իսկ 25-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը եւ մինչեւ ընդմիջում պահպանեցին առավելությունը:

Դորտմունդցիներն իրենց նման չէին նաեւ ընդմիջումից հետո, բայց 58-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Հոֆենհայմի» ավագն ու խաղի հաշիվը բացած Սեբաստիան Ռուդին: Քանակական առավելություն ստացած «Բորուսիան» սկսեց ավելի հաճախ գրոհել եւ 80-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անկյունային հարվածի խաղարկման արդյունքում իր 9-րդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: Քիչ անց փոխարինամ դուրս եկած կոլումբացի հարձակվող Ադրիան Ռամոսը նաեւ առաջ մղեց դաշտի տերերին, իսկ ավելացված ժամանակում գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո խփեց «Բորուսիայի» երրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:

Թոմաս Տուխելի թիմը շարունակում է 8 միավոր զիջել առաջատար Մյունխենի «Բավարիային» եւ 15 միավոր էլ առաջ է անցել երրորդ տեղում գտնվող «Հերտայից»:

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Հոֆենհայմ»՝ 3:1

Հենրիխ Մխիթարյան, 80, Ադրիան Ռամոս, 85, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 90+2 – Սեբաստիան Ռուդի, 25

Հեռացում՝ Սեբաստիան Ռուդի, 58 («Հոֆենհայմ»)

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Մ.»՝ 2:2 

Ալֆրեդ Ֆինբոգասոն, 50, Կայուբի, 53 -  Ռաֆայել, 33, Ֆաբիան Ջոնսոն, 55

«Մայնց» - «Բայեր»՝ 3:1

Յունուս Մալի, 14, 58 (11մ), Ջոն Կորդոբա, 32 – Չիչարիտո, 62

«Այնտրախտ» - «Շալկե»՝ 0:0 

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով