21:07  ,  26 փետրվարի, 2016

Ջանի Ինֆանտինոն՝ ՖԻՖԱ-ի նախագահ

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն ընտրվեց Ֆուտբոլի միջազգայն ֆեդերացիայի (ՖԻՖԱ) 9-րդ նախագահ: 45-ամյա շվեյցարացին երկրորդ փուլում ստացել է 115 երկրների ֆեդերացիաների ձայնը:

Երկրորդ տեղում է մնացել Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալմանը ստացել է 88 ձայն: Երկրորդ փուլում անհրաժեշտ էր հավաքել քվեարկությանը մասնակցած 207 ֆեդերացիաների ձայների կեսից ավելին:

Առաջին փուլում Ջանի Ինֆանտինոն ստացել էր 88 ֆեդերացիաների աջակցությունը: Երկրորդ տեղում էր շեյխ Սալմանը՝ 85:

Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը 27 ձայնով երրորդն էր: Նա երկրորդ փուլում ստացել է 4 ձայն:

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, ֆրանսիացի Ժերոմ Շամպանը 7 ձայնով վերջինն էր, երկրորդ փուլում ձայն չի ստացել:

Առաջին փուլում հաղթանակի համար անհրաժեշտ էր ձայների 2/3-ից ավելի (138): 

Ընտրությունից առաջ թեկնածությունը հանել էր հարավաֆրիկացի գործարար Տոկիո Սեկսվալեն:

ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնավարման ժամկետը չորս տարի է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում