14:41  ,  3 փետրվարի, 2016

Պաշտոնական. «Ուլիսը» չի շարունակի ելույթը Բարձրագույն խմբում

Երեւանի «Ուլիսի» գլխավոր բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը պաշտոնապես հայտարարել է, որ թիմը ֆինանսական խնդիրների պատճառով չի շարունակելու ելութը ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունում:

«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի կարողանանք շարունակել մեր ելույթները: Սակայն, ցավոք, ցանկությունը չհամապատասխանեց հնարավորություններին: Շատ եմ ափսոսում, որ այսպես ստացվեց: Մենք ստեղծել էինք մարտունակ թիմ, որ նախորդ առաջնությունում կարողացավ նոր երանգ հաղորդել Հայաստանի Բարձրագույն խմբին: Եվ կրկնակի ցավ եմ ապրում, որ հիմա ստիպված ենք կասեցնել մեր իսկ գործունեությունը: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մեզ օգնեցին, շնորհակալ եմ նաեւ այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես եկան մեր թիմի կազմում: Իհարկե, ծանր հարված էր թիմի հեղինակությանը այն, ինչ տեղի ունեցավ 2015 թվականի վերջին: Խաղադրույքներ կատարելու պատճառով կալանավորվեցին մեր թիմի աշխատակիցներ եւ դա, իրոք, մեծ ցավ էր ինձ համար: Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում դեռ մտածում էինք, որ կշարունակենք խաղալ: Չստացվեց: Ստիպված եմ հայտարարել, որ «Ուլիսը» չի շարունակելու իր ելույթները Բարձրագույն խմբի առաջնությունում»,- Վալերի Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի 15 տուրերում «Ուլիսը» հաղթանակ չի տարել եւ 2 միավորով վերջին տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում