18:23  ,  24 հունիսի, 2012

Ալոնսոյի գեղեցիկ հաղթանակն ու Շումախերի առաջին հաջողությունը

Վալենսիայում կայացած ֆորմուլա-1-ի Եվրոպայի Մեծ մրցանակի մրցարշավն ավարտվեց «Ֆերարիի» իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն հաղթանակով։ Իսպանացին մրցումները սկսեց 11-րդ դիրքից:

Ալոնսոյի հաղթանակին մեծապես նպաստեց հաջողության գործոնը, քանի որ իսպանացու գլխավոր մրցակիցները՝ գերմանացի Սեբաստյան Ֆիտելը («Ռեդ Բուլ») եւ բրատինացի Լյուիս Հեմիլթոնը («Մաքլարեն») չկարողացան ավարտել մրցումները: Գերմանացին դուրս եկավ պայքարից տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ բրիտանացին մրցուղին լքեց «Ուիլյամսի» արշավորդ Պաստոր Մալդոնադոյի հետ բախման հետեւանքով:

Երկրորդ տեղ զբաղեցրեց ֆին Կիմի Ռայկոնենը («Լոտուս»), լավագույն եռյակը եզրափակեց գերմանացի Միխայիլ Շումախերը («Մերսեդես»): 2010թ. կարիերան վերսկսելուց հետո սա ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումախերի առաջին հաջողությունն էր:

Այսպիսով, Ալոնսոն վաստակեց 111 միավոր եւ դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Մարկ Ուեբերն («Ռեդ Բուլ») ունի 91 միավոր: Լյուիս Հեմիլթոնը 88 միավորով երրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում