04:00  ,  24 նոյեմբերի, 2015

Եվրոպայի առաջնություն. Արշակ Պետրոսյանի ամփոփումը

Լեւոն Արոնյանը Եվրոպայի առաջնությունում խաղում էր՝ ամեն ինչ տալով թիմին: Նորեկներին թիմում հաստատվելու համար շատ ժամանակ է պետք, ոչ ոք չի կարող գալ եւ միանգամից դառնալ երկրորդ Լեւոն Արոնյան: Այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոյսնը՝ ամփոփելով շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

9 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթեց Իսլանդիային, Նորվեգիային, Գերմանիային, Լեհաստանին ու Վրաստանին, ոչ ոքի խաղաց Անգլիայի, Իտալիայի, Ռուսաստանի հետ եւ միակ պարտությունը կրեց ֆրանսիացիներից:

«Մրցաշարից առաջ զգում էի, որ թիմը բավական լավ մարզավիճակում է, եւ ամեն ինչ շատ լավ ստացվեց: Շատ թեժ պայքար էր, քանի որ մենք վրիպեցինք անմիջապես առաջնության սկզբում Ֆրանսիայի թիմի հետ, բայց հետո կարողացանք հավաքվել եւ մինչեւ վերջ պայքարել մեդալների համար: Ռուսաստանի թիմը շատ առաջ էր ընկել եւ դժվար էր հասնել, բայց ամեն դեպքում գրավեցինք 2-րդ տեղը եւ շատ լավ ստացվեց: Ճիշտ է կիսեցինք երկրորդ տեղը, բայց մեր գործակիցները բարձր էին: Ռուսաստանի հետ խաղում մենք առավելություն ունեինք եւ կարող էինք հաղթել: Բայց վերջում չստացվեց եւ 2:2 ավարտվեց:

Հանգստյան օրվանից հետո որոշեցինք, որ մյուս բոլոր խաղերում պետք է հաղթենք եւ այդպես էլ եղավ, միայն հաղթանակներ ունեցանք եւ մեկ՝ ոչ-ոքի: Իսկ մեր հաղթանակները շատ վստահ էին: Միայն մեկնարկն էր անվստահ, ինչը մեզ մոտ շատ հաճախ է լինում՝ դեռ հունի մեջ չմտած, մեկ էլ մեզ ընկնում է Ֆրանսիայի պես թիմ: Ամեն դեպքում կարծում եմ հաջող էր մեզ համար այս առաջնությունը եւ մենք լավ արդյունքով վերադարձանք»,- ասաց Արշակ Պետրոսյանը:

Առանձին մեկնաբանելով հայ գրոսմայստերների մրցելույթները, հավաքականի մարզիչը նախ առանձնացրեց Հրանտ Մելքումյանին:

«Սա Հրանտ Մելքումյանի երկրորդ մրցելույթներ էր թիմում, որպես հավաքականի լիիրավ անդամ, եւ նա այս անգամ շատ հաջող էր: Հրանտ Մելքումյանն իր լավ խաղով լիիրավ իր տեղը զբաղեցրեց Հայաստանի հավաքականում: Նա բարձր միավորներ հավաքեց եւ իր խաղատախտակի վրա գրավեց առաջին տեղը:

Շատ հաջող էր Գաբրիել Սարգսյանի ելույթը: Նա շատ կարեւոր հաղթանակ տարավ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ Ռուսաստանի ետ խաղի ժամանակ: Բացի այդ շատ ավելի մեծ նվաճում էր, որ նա իր կարիերայում գերազանցեց 2700 վարկանիշը: Շատ վստահ խաղ էր ցուցադրում Լեւոն Արոնյանը: Նա կարողացավ հաղթել աշխարհի չեմպիոնին, վերջին պարտիաները հաջող էր անցկացնում: Իր խաղատախտակին գրավեց երկրորդ տեղը: Լեւոն Արոնյանը Եվրոպայի առաջնությունում խաղում էր՝ ամեն ինչ տալով թիմին:

Սերգեյ Մովսեսյանը վերջին պարտիայի խաղը եւ հաղթանակը շատ կարեւոր էր մեր թիմի համար, նա իսկապես լավ խաղ ցույց տվեց եւ հաճելի հաղթանակ տարավ մեր թիմի համար: Մենք թիմում ունեինք նաեւ նորեկ՝ Կարեն Գրիգորյանը, ով հեռանկարային մարզիկ է, մեծ ապագա ունի շախմատում, բայց պետք է շատ մարզվել, ավելի շատ պատրաստ լինել: Ինձ թվում է՝ կարող է հասնել հավաքականի մարզիկներին: Բայց դրա համար ժամանակ է պետք, ինքն էլ երիտասարդ է»,- ամփոփեց Արշակ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 10 միավորով՝ զբաղեցնելով 11-րդ տեղը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով