23:42 19 նոյեմբերի, 2015Մարոկկոյում կայացած սամբոյի աշխարհի 40-րդ հոբելյանական առաջնությունում արծաթե մեդալ նվաճած 24-ամյա Տիգրան Կիրակոսյանը մարզիչ Աղասի Գալստյանի հետ վերադարձել է հարազատ քաղաք:
Բացարձակ առավելությամբ հաղթելով Լիտվայի, Ուզբեկստանի ու Թուրքմենստանի ներկայացուցիչներին, եզրափակիչ փուլում Տիգրանը պարտվել է ղազախ մարզիկի:
«Նախորդ տարիներին աշխարհի առաջնություններում երկու անգամ բրոնզե մեդալի էր արժանացել: Այս անգամ մեդալի գույնը փոխեց՝ արծաթ բերեց: Դա արդեն նվաճում է, ե՛ւ գոհ եմ, ե՛ւ դժգոհ: Կարող էր չեմպիոն դառնալ, մանավանդ որ եզրափակիչի մրցակից ղազախ մարզիկին մինչ այժմ անցկացված տարբեր մրցաշարերի ժամանակ արդեն երկու անգամ հաղթել էր: Մեծ նպատակներ ունի, եթե մեր մարզիկին տեր լինեն, խնդիրների լուծման հարցում աջակցեն, նա դեռ մեծ հաջողություններ կունենա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Աղասի Գալստյանը:
Տիգրանի առաջնային ու կարեւորագույն խնդիրներից մարզիչն առանձնացնում է բնակարանայինը. երիտասարդը ծնողների, եղբոր ընտանիքի ու հորեղբոր բազմանդամ ընտանիքի հետ բնակվում է նույն տանը:
«Մայիսին, երբ Տիգրանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ, քաղաքապետն ընդունեց ու տեղեկանալով նրա բնակարանային խնդիների մասին, ասաց՝ խոստանում եմ, մոտ ժամանակներս բնակարանով ապահովել»,- հիշում է մարզիչը:
Քաղաքապետ Սամվել Դարբինյանը խոստումը դեռ չի կատարել:
Նախորդ երեք տարիներին Տիգրանը Վանաձորի մարզիկների լավագույն տասնյակում զբաղեցնում է առաջին տեղը: Քաղապետարանը քաղաքի թիվ մեկ մարզիկին ամսական 30 հազար դրամ է տալիս:
Հաջողակ մարզիկով արդեն դրսից հետաքրքրվողներ կան:
«Առաջարկներ ունի դուրս գալու, բայց չի ուզում գնա երկրից: Հայրենասեր տղա է, սիրում է իր երկիրը, ուզում է այստեղ մնալ»,- նշում է մարզիչը:
Տիգրանը մտադիր է հաջորդ տարի էլ մասնակցել սամբոյի աշխարհի առաջնությանը: Մարզիչը վստահ է՝ անպայման հաղթելու է ու Լոռին ունենալու է սամբոյի աշխարհի երրորդ չեմպիոնը:
Գայանե Սարգսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.