00:36  ,  9 հոկտեմբերի, 2015

Հայաստանի հավաքականը շարունակում է Ֆրանսիայի դեմ խաղերի անհաջող շարքը (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ին ընկերական խաղում 0:4 հաշվով պարտվեց Եվրո-2016-ի կազմակերպիչ երկիր Ֆրանսիային: Հայաստանի թիմը 5-րդ անգամ հանդիպեց ֆրանսիացիներին՝ կրելով 5-րդ պարտությունը:

Ֆրանսիայի Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել առանց թիմի առանցքային խաղացողներ Յուրա Մովսիսյանի, Արաս Օզբիլիսի եւ Ռոբերտ Արզումանյանի, սակայն առաջին խաղակեսում հյուրերն արժանի դիմադրություն ցույց տվեցին Դիդյե Դեշամի թիմին:

Ֆրանսիացիները շատ ակտիվ չսկսեցին հանդիպումը, իսկ հայկական թիմն աչքի էր ընկնում վստահ պաշտպանությամբ ու անկաշկանդ խաղով: Դաշտի տերերին չէր հաջողվում ստեղծել իրական գոլային պահեր, իսկ հյուրերը խաղում էին հակագրոհներով: Հայաստանի հավաքականն աստիճանաբար նկատեց, որ մրցակիցը նման չէ իրեն եւ սկսեց գործել ավելի վստահ: Խաղի առաջին իրական գոլային պահն ունեցան հենց հյուրերը: 19-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հարմար դիրքում նկատեց գրոհին միացած Կառլեն Մկրտչյանին, որն էլ իր հերթին փոխանցում կատարեց Արթուր Սարկիսովի ուղղությամբ, սակայն փոխանցումն ուժեղ ստացվեց եւ ռուսական «Վոլգայի» հարձակվողը չհասավ գնդակին: Մխիթարյանը հանդես էր գալիս ենթահարձակվողի դիրքում եւ գրեթե բոլոր գրոհներն անցնում էին նրա մասնակցությամբ:

Առաջին խաղակեսի միջնամասում խաղի տեմպը նվազել էր: Ֆրանսիացիներն ունեին տարածքային առավելություն, որը չէին կարողանում վերածել իրական գոլային պահերի: Այնուամենայնիվ, տանտերերը մի պահ մեծացրին ճնշումը եւ բացեցին հաշիվը: 35-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հենակետայինի գոտում կորցրեց գնդակը, որը ֆրանսիացիները հասցրին Անտուան Գրիզմանին եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվողը խփեց առաջին խաղակեիս միակ գոլը:

Դաշտի տերերն ավելի ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսը, եւ 54-րդ րոպեին կրկնապատկեցին հաշիվը: Մինչեւ այդ Սարգիս Հովսեփյանը 52-րդ րոպեին կատարեց հետաքրքիր փոփոխություն՝ միակ հարձակվող Արթուր Սարկիսովի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսին: Ֆրանսիացիները երկրորդ գոլը խփեցին հենակետայինի գոտուց, որտեղ առանց հսկողության էր մնացել անգլիական «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Յոան Կաբայը: 60-րդ րոպեին փոխարինվեց նաեւ Հենրիխ Մխիթարյանը, եւ քանի որ վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս գալ չէր կարող նաեւ Յուրա Մովսիսյանը, հասկանալի դարձավ, որ Հայաստանի թիմից շատ բան սպասել դժվար է առջեւի գծում: Խաղի մնացած ժամանակահատվածում թիմերի մարզիչները կատարեցին մի շարք փոխարինումներ, իսկ հյուրերը հազվադեպ էին մոտենում մրցակցի դարպասին: Ֆրանսիացիների գրոհները եւս բազմաթիվ չէին, բայց Գեւորգ Կասպարովի դարպասի մոտ մի քանի վտանգավոր պահեր եղան: Վերջնամասում 1 րոպեի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման՝ վերջակետ դնելով խաղին: Մադրիդի «Ռեալի» հարձակվողն աչքի ընկավ 78-րդ եւ 79-րդ րոպեներին, իսկ քիչ անց փոխարինվեց վնասվածքի պատճառով: Վեջնամասում Դիդյե Դեշամի թիմն ունեցավ նաեւ 5-րդ գոլը խփելու հնարավորություններ, բայց դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին՝ 4:0:

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Երեւանում, որտեղ Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին տուրում կընդունի ալբանացիներին:

Ընկերական խաղ

ՖրանսիաՀայաստան՝ 4:0

Անտուան Գրիզման, 35, Յոան Կաբայ, 55, Քարիմ Բենզեմա, 78, 79

Ֆրանսիա. Հուգո Լյորիս («Տոտենհեմ»), Բակարի Սանյա («Մանչեսթեր Սիթի»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Մամադու Սախո («Լիվերպուլ»), Պատրիս Էվրա («Յուվենտուս»), Յոան Կաբայ («Քրիսթալ Փելաս», Մուսա Սիսոկո, 77), Լասանա Դիարա («Մարսել»), Բլեզ Մատյուիդի (ՊՍԺ, Մորգան Շնեյդերլին, 63), Մաթյո Վալբուենա («Լիոն», Անտոնի Մարտիալ, 63), Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ալեքսանդր Լակազեթ, 88), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Օլիվյե Ժիրու, 81):

ՀայաստանԳեւորգ Կասպարով, Հովհաննես Համբարձումյան (Դավիթ Մանոյան, 70), Գաել Անդոնյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան (Արտակ Գրիգորյան, 80), Արթուր Յուսպաշյան, Գեւորգ Ղազարյան (Նորայր Ասլանյան, 67), Կամո Հովհաննիսյան (Վարդան Պողոսյան, 61), Հենրիխ Մխիթարյան (Մարկոս Պիզելի, 60), Արթուր Սարկիսով (Արաս Օզբիլիս, 54):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով