08:33  +04,  8 սեպտեմբերի, 2015

Արթուր Ալեքսանյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն, Ջուլֆալակյանն ու Հարությունյանը մնացին առանց մեդալի

23-ամյա Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:

Լաս Վեգասում մեկնարկած աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում գյումրեցի ըմբիշը 3:0 հաշվով հաղթեց 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզաիին, որին պարտության էր մատնել նաեւ նախորդ տարի:

Առաջին մրցափուլում Արթուրը հաղթեց 2:0 հաշվով: Իրանցի ըմբիշին նստեցրին պարտեր, իսկ Ալեքսանյանը կատարեց 2 միավորանոց հնարք: Երկրորդ մրցափուլի սկզբնամասում արդեն հայ ըմբիշը հայտնվեց պարտերում, բայց Ռեզաին չկարողացավ կատարել հնարք: Վերջնամասում Արթուր Ալեքսանյանը նաեւ մեկ անգամ գորգից դուրս հրեց մրցակցին եւ, հաղթելով 3:0 հաշվով, պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ընդ որում՝ հայ ըմբիշն անցկացրած 5 գոտեմարտերում ընդամենը մեկ միավոր տվեց մրցակիցներին:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից՝ չեմպիոնական ճանապարհին հաղթելով ճապոնացի Յասուիրո Յանուիրային (8:0), նորվեգացի Մարտին Նիլսենին (4:0), ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին (10:1), իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել ռումինացի Ալեքսուս Չիուրարիուից (9:0):

Աշխարհի առաջնության առաջին օրը պայքարի մեջ էին մտել նաեւ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եւ 75 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որոնք պարտվեցին բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: 

Օլիմպիական փոխչեմպիոն Ջուլֆալակյանը որակավորման փուլում հանդիպեց իր գլխավոր մրցակցին՝ ռուս Ռոման Վլասովին, որին պարտվել էր Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի եզրափակիչում: Ռուս ըմբիշը հաղթեց 6:0 հաշվով, իսկ հետո նաեւ դուրս եկավ եզրափակիչ, ինչի շնորհիվ Արսեն Ջուլֆալակյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտերում նա հաղթեց չեխ Պետր Նովակին (8:0) եւ հունգարացի Պետեր Բաչշիին (7:4), սակայն երրորդ փուլում 2:5 հաշվով պարտվեց ղազախ Դոսժան Կարտիկովին՝ մնալով առանց մեդալի: Ռոման Վլասովը եզրափակիչում 6:0 հաշվով հաղթեց դանիացի Մարկ Մլադսենին եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը չկարողացավ պաշտպանել Արսեն Ջուլֆալակյանը: 

Միհրան Հարությունյանը, հաղթելով հոնդուրասցի Ջեֆրին Բենիտոյին (9:0), հույն Մատիաս Վլադիմիրոսին (9:0) եւ հունգարացի Տամաշ Լորինչին (4:1), դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցավարական խայտառակ կողմնակալության պատճառով հավասար միավորների պայմաններում պարտվել էր կորեացի Հանսու Ռուին (4:4): Բաքվում կայացած Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը դրանից հետո գոտեմարտեց բրոնզե մեդալի համար եւ 2:6 հաշվով պարտվեց ռուս Արտյոմ Սուրկովին, որն այս տարի նրան հաղթել էր նաեւ Եվրոպական խաղերի եզրափակիչում: Հարությունյանին հաղթած կորեացին եզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց գերմանացի Ֆրանկ Ստաեբլերին:

Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանն ապահովել են 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ԱՄՆ-ում հանդես են գալու նաեւ Ռոման Ամոյանը (59 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ