00:36  ,  15 հունիսի, 2012

Եվրո-2012. Իսպանացիների առաջին հաղթանակը

Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն առաջին հաղթանակը տարավ Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող Եվրո-2012-ում:

Գդանսկի PGE Arena ստադինում կայացած խաղում Վիսենտե Դել Բոսկեի թիմը չորս անպատասխան գնդակ ուղարկեց Իռլանդիայի հավաքականի դարպասը:

Հանդիպման հաշիվը չորրորդ րոպեին բացեց Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը: Առաջին խաղակեսում իսպանացիները եւս մի քանի գոլային պահեր ունեցան, սակայն հիանալի էր գործում Իռլանդիայի հավաքականի դարպասապահ Շեյ Գիվենը:

Ընդմիջումից անմիջապես հետո Դավիդ Սիլվան, աչքի ընկնելով անհատական բարձր վարպետությամբ, կրկնապատկեց իսպանացիների առավելությունը: 70-րդ րոպեին Տորեսը երրորդ գնդակն ուղարկեց իռլանդացիների դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ: 83-րդ րոպեին փոխարինման մտած Սեսկ Ֆաբրեգասը խփեց Իսպանիայի թիմի չորրորդ գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 4:0:

Իսպանացիները գերազանց հանդիպում անցկացրեցին՝ ապացուցելով, որ մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդն են: Չնայած Իսպանիայի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով, այնուամենայնիվ հանդիպման լավագույն խաղացողներից մեկը, միանշանակ, Իռլանդիայի թիմի դարպասապահ Շեյ Գիվենն էր: 36-ամյա դարպասապահը մի քանի աներեւակայելի սեյվերի հեղինակ դարձավ՝ փրկելով իռլանդացիներին խայտառակ պարտությունից:  

Այս հաղթանակից հետո Իսպանիայի հավաքականը վաստակեց չորս միավոր եւ գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաեւ Խորվաթիայի թիմը, որը իսպանացիներին զիջում է խփած եւ բաց թողած գնդակների տարբերությամբ: Իտալացիներն ունեն երկու միավոր, իսկ իռլանդացիները միավորներ չեն վաստակել: Խմբային փուլի վերջին տուրում իսպանացիներն ուժերը կչափեն Խորվաթիայի հավաքականի հետ, իսկ իտալացիների մրցակիցը կլինի Իռլանդիայի թիմը, որն արդեն զրկվել է փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունից:

Եվրո-2012. խմբային փուլ

C խումբ, երկրորդ տուր

Իսպանիա – Իռլանդիա՝ 4:0

Տորես, 4, 70, Սիլվա, 49, Ֆաբրեգաս, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով