20:40  ,  17 հունիսի, 2015

Միհրան Հարությունյան. Շատ հուզված եմ, չէի սպասում նման ընդունելություն Էջմիածնում

Ուրախ եմ այսօր այս մեդալով եւ այս հաղթանակով լինել իմ ծննդավայրում։ Շատ հուզված եմ, չէի սպասում նման ընդունելության։ Շատ հաճելի է, երբ փողոցում ճանաչում են քեզ,  մոտենում, գրկախառնվում, շնորհավորում։ Հաճելի է, որ քո հաղթանակով քո հայրենակիցներին այսքան ուրախություն ես պարգեւում։ Ես հույս ունեմ, որ դեռ շատ կուրախացնեմ իմ հայրենակիցներին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշային մրցապայքարում արծաթե մեդալ նվաճած Միհրան Հարությունյանը։

Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին մեծ շուքով դիմավորեցին Էջմիածին քաղաքում։ Միհրան Հարությունյանը հանդիպում ունեցավ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ, ապա այցելեց քաղաքում դեռեւս կառուցման փուլում գտնվող մարզադպրոց, որտեղ Եվորպական խաղերի փոխչեմպիոնին սպասում էին հարազատները, բարեկամները, ընկերներն ու երկրպագուները։

«Ես շատ ուրախ եմ այսօր լինել այստեղ։ Հուզված եմ, չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում այս պահին։ Չէի սպասում նման ընդունելության։ Ավելի ուրախ եմ, որ այսօր այս մեդալով Բաքվից նվաճած մեդալով եմ գտնվում իմ հայրենիքում, ծննդավայրում։

Չեմ թացքնի, որ իրականում այնտեղ շատ դժվար էր։ Բոլորն էլ, ովքեր գնացել, հասել են Բաքու, իսկական հերոսներ են։ Բոլորն էլ արժանի են նման ընդունելության, եւ պարտադիր չէ մեդալ կնվաճեն, թե ոչ։ Յուրաքանչյուր մարզիկ, ով մեկնել է Բաքու, նպատակը միայն մեդալ նվաճելն է։ ինչպես ես, այնպես էլ Ռոման Ամոյանը, Կարապետ Չալյանը, Մաքսիմ Մանուկյանը, շատ էինք ուզում մեդալ նվաճել, դա մեզ ուղեկցող միակ նպատակն էր։ Մեր բոլորիս նպատակը Հայաստանի անունը, պատիվը բարձր պահելն է, Հայաստանի դրոշը բարձրացնելը։

Այսօր արդեն ամեն ինչ ավարտվել է։ Ես եւ եղբայրս քայլում էինք փողոցներով եւ մարդիկ ճանաչում էին ինձ, մոտենում, շնորհավորում։ Ուրախ եմ ու հպարտ, որ իմ արդյունքով ուրախացրել եմ մեր ազգին, որ տեսնում են եւ գնահատում իմ աշխատանքը։ Ամեն ինչ դեռ առջեւում է։ Ես այսքանով չեմ բավարարվելու։ Առջեւում աշխարհի առաջնությունն է, Օլիմպիական խաղերը։ Ես երազում եմ օլիմպիական մեդալով վերադառնալ Հայաստան»,- ասաց Միհրան Հարությունյանը։

Միհրան Հարությունյանին Էջմիածին էին ուղեկցել օլիմպիական եռակի չեմպիոն Արմեն Նազարյանը եւ մարզիկի անձնական մարզիչ, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով