19:48  ,  15 հունիսի, 2015

Հայաստանի մարզիկները՝ Եվրոպական խաղերում. Հրաչյա Բաբայան

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Եվրոպական մարզական խաղերում Հայաստանի մասնակիցներին։

Հրաչյա Բաբայան, հրաձգություն, հրացան։

Ծնվելէ 1996 թվականին, Երեւանում:  Անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: 2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2014թ. աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, միջազգային մրցաշարերի մրցանակակիր։

«Հույսս մեծ է, ուժերս կչափեմ իմ հնարավորությունների չափով։ Ինձ համար շատ կարեւոր է այս մասնակցությունը, քանի որ ես իմ ցանկությամբ եմ մեկնում, բացի այդ իմ արդյունքները թույլ են տալիս, որ մասնակցեմ այս Խաղերին։ Ես հասկանում եմ, որ հնարավորինս բարձր արդյունք պետք է լինի։ Սա Բաքուն է, եւ մեր երկրի պատիվն այս Խաղերում մենք մարզիկներս պետք է բարձր պահենք։ Ես նաեւ գիտակցում եմ, որ մեդալ նվաճելու դեպքում ես ոչ թե իմ մարզական կարիերայում մեկ քայլով առաջ կգնամ, այլ նախեւառաջ պատվով կներկայացնեմ իմ երկիրը։ 

Հրաձգության մրցապայքարն այնքանով է տարբերվում մյուս մրցաշարերից, որ կրակակետում երկրպագուներ չկան, ոչ ոք չի փորձի հոգեբանորեն ազդել, չի բղավի, չի սուլի։ Սա շատ կարեւոր է։ Ես կրակակետում չեմ զգա, որ Բաքվում եմ»։

Հունիսի 15-ին Հրաչյա Բաբայանը մարզում է անցկացրել Բաքվում: Մարզչի Սեյրան Նիկողոսյանը հայտնել է, որ 18-ամյա հրաձիգը շատ լավ մարզավիճակում է: Հրաչյա Բաբայանը մեդալի համար կպայքարի հունիսի 16-ին: Նա կմասնակցի 10 մետր օդամուղ հրացանով վարժությանը: Մրցումը կսկսվի Երևանի ժամանակով առավոտյան 8-ին: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում