22:43  ,  15 մայիսի, 2015

Յուրա Մովսիսյանի համար Ռուսաստանի առաջնությունն ավարտված է

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում այլեւս չի կարողանա դուրս գալ խաղադաշտ: Տարասովկայի մարզաբազայում կայացած մարզումներից մեկի ժամանակ Հայաստանի հավաքականի խաղացողը ոտնաթաթի վնասվածք է ստացել եւ չի կարողացել ավարտել մարզումը, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

«Սպարտակի» բժշկական շտաբի ղեկավար Միխայիլ Վարդապետովը նշել է, որ կոտրված չի ախտորոշվել, սակայն վնասվածքի ծանրության աստիճանը թույլ չի հայ ֆուտբոլիստին հանդես գալ մայիսին ավարտվող Ռուսաստանի առաջնության մնացած երեք տուրերում: Մայիսի 17-ին «Սպարտակը» կընդունի ԲԿՄԱ-ին, մայիսի 23-ին՝ «Ուֆային», մայիսի 30-ին՝ «Ամկարին»:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը հունիսի 13-ին կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում