20:06  ,  29 ապրիլի, 2015

Արշակ Պետրոսյան. Հայաստանի հավաքականում սպասվում են փոփոխություններ

Չնայած մեր տղաների «կատաստրոֆիկ» մեկնարկին, աշխարհի առաջնությունում երրորդ տեղի արդյունքն ինձ գոհացնում է։ Հայաստանի հավաքականում այս տարի սպասվում են փոփոխություններ։ Թիմի կազմում ուժեղագույն շախմատիստներն են, բայց ժամանակն է, որ հնարավորություն տանք նաեւ նոր սերնդին, այնպես ինչպես Հրանտ Մելքումյանին։ Նա ինձ շատ գոհացրեց այս մրցաշարում։

Այս մասին ասել է շախմատի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը՝ ամփոփելով Ծաղկաձորում ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։

Գնահատելով աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ելույթները, Արշակ Պետրոսյանը նկատեց, որ թիմը լավ խաղ ցուցադրեց միայն առաջնության երկրորդ հատվածում։

«Բարդ էր երրորդ տեղը զբաղեցնելը, քանի որ անհաջող մեկնարկից հետո բրոնզե մեդալ նվաճելու համար մենք պետք է հաղթեինք մնացած բոլոր տուրերում: Այն, որ մեր տղաների մոտ ստացվեց վատ մեկնարկից հետո մրցանակային տեղ զբաղեցնել, բրոնզե մեդալ նվաճել, այդ արդյունքն ինձ գոհացնում է: Մենք կցանկանայինք առաջին տեղի համար պայքարել, բայց արդեն բոլորիս համար էլ պարզ էր, որ ոսկե մեդալի համար պայքար տանելու հնարավորություն չունենք:

Մեր թիմում խաղը ստացվեց առաջնության երկրորդ հատվածում միայն: Հանգստյան օրվանից հետո մեր տղաները կամային հատկություններ ցուցաբերեցին, վերականգնեցին իրենց ուժերը եւ հասան նպատակին»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Սերնդափոխության անհրաժեշտության մասին Արշակ Պետրոսյանը նշեց.

«Սերնդափոխության անհրաժեշտություն կա: Հավաքականում փոփոխություններ լինելու են, բայց դրա համար ժամանակ է պետք, աստիճանաբար պետք է լինի սերնդափոխությունը: Շատ հնարավոր է, որ արդեն այս տարի հավաքականում փոփոխություններ լինեն: Եթե մենք ուզում ենք ուժեղ թիմ ունենալ, հավաքականը պետք է ձուլված լինի վետերաններով եւ երիտասարդներով: Օրինակ՝ ինչպես կարող ենք ասել, թե Լեւոն Արոնյանը վետերան է: Նա փայլուն հանդես եկավ աշխարհի առաջնությունում եւ գրավեց առաջին տեղը առաջին խաղատախտակների խաղացողների մեջ: Սպասենք նոյեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ շատ հավանական է փոփոխություն արդեն ունենանք:

Այս առաջնությունում ինձ շատ գոհացրեց Հրանտ Մելքումյանը: Այս առաջնությունում մեր պահեստայինները շատ քիչ էին խաղում: Հրանտ Մելքումյանը 8 պարտիա խաղաց, ինչը նշանակում է, որ Հրատն Մելքումյան շախմատիստն արդեն հասունացել է: Հուսամ՝ նա կկարողանա կայուն արդյունքներ ցույց տալ հետագայում եւ արդեն հավաքականում կլինի որպես հիմնական խաղացող»,- նշել է Արշակ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-28-ը Ծաղկաձորում կայացավ շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին մասնակցում էին աշխարհի 10 ուժեղագույն թիմերը։ Աշխարհի չեմպիոն է դարձել Չինաստանի թիմը, արծաթե մեդալը նվաճել է Ուկրաինայի հավաքականը, իսկ Հայաստանի հավաքականը բավարավել է բրոնզե մեդալով։ Լեւոն Արոնյանն առաջին համարների հաշվարկում դարձավ առաջինը՝ նվաճելով անհատական ոսկե մեդալ:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս