15:37  ,  22 ապրիլի, 2015

Փաշիկ Ալավերդյան. Եվրոպայի առաջնության երեք մեդալը զրոյից սկսած աշխատանքի արդյունք չէր

Այն արդյունքը, ինչ մենք գրանցեցինք Եվրոպայի առաջնությունում, բարձրացված կիլոգրամներն ինձ չեն հուսադրում աշխարհի առաջնության համար։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Պողոսյանը՝ ամփոփելով Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների մրցելույթները։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց մրցապայքարում Հայաստանի հավաքականը նվաճել է երեք մեդալ. 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը դարձել է չեմպիոն, նույն քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը գրավել է երրորդ տեղը, 56 կգ Սմբատ Մարգարյանը նվաճել է արծաթե մեդալ։

Երեք մեդալ Եվրոպայի առաջնությունից։ Ինչպե՞ս եք գնահատում չորս ամսվա Ձեր աշխատանքի արդյունքը։

Երեք գույնի մեկական մեդալ Եվրոպայի առաջնությունից բարձր արդյունք է։ Բայց սա զրոյից սկսած արդյունք չէր։ Կար թիմ, կայացած թիմ, աշխատած թիմ։ Այստեղ մնում էր ընդամենը թիմը հավաքել, մի քիչ ավելի խիստ լինել, մի քիչ ավելի բարի լինել, մի քիչ ավելի մարզչական խստություն ցուցաբերել եւ արդյունքը կլիներ։ Ուրիշ ոչինչ մեզ անհրաժեշտ չէր։

56 կգ քաշային կարգում Սմբատ Մարգարյանը բավարարվեց արծաթե մեդալով։ Ի՞նչը խանգարեց հասնել ոսկե մեդալին։

Սա Սմբատ Մարգարյանի լավագույն արդյունքներից մեկն էր, մասնավորապես, պոկում վարժությունում։ Մարզումների ժամանակ նրան հաջողվում էր բարձրացնել 115 կգ պոկում վարժությունում։ Բայց մրցումների ժամանակ 109 կգ-ից ավել բարձր արդյունք Սմբատ Մարգարյանը չի ունեցել երբեւէ։ Նա բարձրացրեց 113 կգ, ինչը նրա համար ամենաուրախալի ու հաջողված կատարումն էր։ Սմբատը զգաց, որ  կարող է, հնարավորությունները թույլ են տալիս, ունի այդ ներուժը։ Նա ուրախ է, որ կարող է նաեւ պոկում վարժությունը հաջող կատարել եւ չի թերանում այս վարժությունում։ Այնպես որ Սմբատ Մարգարյանի արդյունքն ինձ գոհացրել է։ Սակայն չեմ կարող չասել, որ աշխարհի առաջնության համար այդ արդյունքը չի կարող գոհացնել։ Սմբատ Մարգարյանի հետ դեռ կա շատ ծանր աշխատանք։

69 կգ քաշային կարգում Վանիկ Ավետիսյանն ու Ռոստամ Կարապետյանը մեդալ չնվաճեցին։

69 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոստամ Կարապետյանին, որ գրանցեց 6-րդ արդյունքը, շատ շնորհակալ եմ։ Նա շատ կարճ ժամանակում կարողացավ իր արդյունքը բարելավել, 10-15 կգ ավելացնել՝ Հայաստանի առաջնության արդյունքին։ Այս ծանրորդը առաջին անգամ էր մասնակցում այսպիսի խոշոր մրցաշարի։ Նա կարողացավ ավելացնել իր արդյունքը։ Սա նշանակում է՝ նա ունի հնարավորություն պայքարելու ուժեղագույնների հետ եւ այսօրվանից պետք է պատրաստվի աշխարհի առաջնությանը։ Նույնը կասեմ Վանիկ Ավետիսյանի մասին։ Նա այս անգամ չկարողացավ իր նախկին արդյունքը՝ Եվրոպայի փոխչեմպիոնի արդյունքը գրանցել։ Պետք է աշխատենք, արդյունքները բարձրացնենք։

77կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանի չեմպիոնի նվաճումը նրա հաղթանա՞կն էր, թե՞ Ձեր աշխատանքի արդյունքը։

Սա Տիգրան Մարտիրոսյանի քրտնաջան աշխատանքի արդյունքն էր։ 5 տարի այս ծանրորդի կրծքին չէր փայլել մեդալ։ Եվրոպայի չեմպիոն դառնալը Տիգրանին նորից թույլ տվեց հավատալ ինքն իր ուժերին, ապացուցել, որ ինքը դեռ ասելիք ունի ծանրամարտում, որ Տիգրան Մարտիրոսյանը դեռ կարող է մասնակցել մրցումների եւ շատ լավ հանդես գալ, ոսկե մեդալ պարգեւել Հայաստանին։ Սա մեծ մարզիկի հաղթական վերադարձն էր, ինչի համար միայն ուրախ եմ։

Նույն քաշային կարգում հանդես եկող, երկու տարվա որակազրկումից հետո վերադարձած Անդրանիկ Կարապետյանը չունե՞ր մեդալի համար պայքարելու հնարավորություն։

Անդրանիկ Կարապետյանը հասկանալի պատճառներով երկու տարի մրցահարթակ դուրս չեկավ։ Սա նրա առաջին մրցելույթն էր որակազրկումից հետո։ Ես հաջողված եմ համարում Անդրանիկ Կարապետյանի մրցելույթը։ Նա շատ հաջող մասնակցեց, մասնավորապես հրում վարժությունը նրա մոտ լավ ստացվեց։ Միայն թե թերացավ պոկում վարժությունում։ Հրում վարժությունը մի փոքր թույլ ստացվեց։ Ամեն դեպքում երիտասարդ ծանրորդը գոհ է իր ցույց տված արդյունքից, իր բարձրացրած կիլոգրամներից։ Ես նույնպես գոհ եմ, բայց բավարար չէ ինձ համար այս արդյունքը։ Նա ամբողջությամբ պետք է պատրաստվի աշխարհի առաջնությանը։

85 կգ քաշային կարգում Աղասի Աղասյանը ձախողվեց։ Ինչո՞վ կբացատրեք 0 արդյունքը։

Պատճառը Աղասի Աղասյանի վատառողջ վիճակն էր։ Եվրոպայի առաջնությունից առաջ Աղասին հիվանդացել էր։ Մենք մարզիկին տեղափոխեցինք հիվանդանոց։ Բուժզննում անցավ, օգնություն ցուցաբերեցին, վերականգնեցին, բայց ոչ լիարժեք։ Աղասի Աղասյանը լիարժեք չապաքինվեց եւ այդպես բարձրացավ մրցահարթակ։ Նա հավակնում էր մեդալի, նա կարող էր լավագույն արդյունքը ցույց տալ, նա ուներ շատ լավ մարզավիճակ, միայն թե առողջական խնդիրը նրան թուլացրեց, այդ պատճառով էլ հրում վարժությունում այլեւս մեր մարզիկի ուժերը չբավարարեցին, եւ նա ստացավ զրո։

Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին ի՞նչը պակասեց։

Սիմոն Մարտիրոսյանը գոհացրեց ինձ։ Նա 1 կգ-ով բարելավեց Ալմաթիում գրանցած իր արդյունքը։ Այն, որ պատանեկան Օլիմպիական խաղերում Սիմոն Մարտիրոսյանի արդյունքը եղել է շատ բարձր, դա չի նշանակում, որ այստեղ էլ նա պետք է շատ բարձր արդյունք ցույց տար։ Պատանեկան Օլիմպիական խաղերի ժամանակ Սիմոն Մարտիրոսյանի անձնական քաշը եղել է 115 կգ։ Իսկ այստեղ 105 կգ-ից ավելի նրա անձնական քաշը չպետք է լիներ։ Երեւի այլ մեկնաբանություն պետք չէ, հասկանալի է, թե ինչու շատ բարձր չեղավ նրա արդյունքը։ Մրցման օրից մենք որոշեցինք, նրան այլեւս ձեռք չտալ։ Նա իր անձնական քաշը կբարձրացնի եւ հանդես կգա ավելի բարձր քաշային կարգում։

Առաքել Միրզոյանը հայտագրված էր 77 կգ քաշային կարգում, սակայն մրցահարթակ այդպես էլ դուրս չեկավ։ Այս անգամ ի՞նչն էր պատճառը։

Մարտի 23-ին Առաքել Միրզոյանը ձեռքի վնասվածք ստացավ եւ դուրս մնաց պայքարից։ Բայց ամեն դեպքում Առաքել Միրզոյանից մենք «ձեռք չենք քաշել»։ Ինչպես Առաքել Միրզոյանին, այնպես էլ Արայիկ Միրզոյանին սպասում ենք հավաքականում եւ ակնկալում ենք, որ նրանք մեզ կօգնեն աշխարհի առաջնությունում։ Այնպես որ նրանք մնում են եւ կան, որպես մեր լավագույն մարզիկներ Հայաստանի հավաքականի կազմում։ Պետք է աշխատենք, փորձենք, որ նրանց ինչ-որ բանով օգտակար լինենք, որ մարզիկները կարողանան վերադառնալ հավաքականի հիմնական կազմ եւ լավ մարզավիճակում հանդես գան աշխարհի առաջնությունում։

Եվրոպայի առաջնության արդյունքները հիմք  ունենալով՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք աշխարհի առաջնությանը։

Այն արդյունքը, ինչ մենք գրանցեցինք Եվրոպայի առաջնությունում, բարձրացված կիլոգրամներն ինձ չեն հուսադրում։ Ինձ դեռ պետք է յուրաքանչյուր բարձրացրած կիլոգրամի վրա ավելացնել 10-ական կգ։ Մեր տղաները պետք է առնվազն 6-10-րդ տեղերը գրավեն, որ օլիմպիական միավորներ վաստակեն։ Իսկ եթե մինչեւ 6-րդ տեղի համար որեւէ մեկը հնարավորություն ունենա պայքարել, մենք կօգնենք, ամեն ինչ կանենք, որ հասնի մեդալի։

Հուլիսից նախատեսում ենք սկսել ուսումնամարզական հավաքները մինչեւ աշխարհի առաջնություն։ Վերջին ուսումնամարզական հավաքը ցանկանում եմ կազմակերպել ԱՄՆ-ում։ Աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ awf

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով