19:27  ,  17 ապրիլի, 2015

Օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի գնահատականը՝ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի նվաճումներին

Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների մրցելույթները եւ գնահատական տվել ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նորանշանակ Փաշիկ Ալավերդյանի չորս ամսվա աշխատանքին։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը արդեն ունի մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ։ 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Տիգրան Մարտիրոսյանը, նույն քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Անդրանիկ Կարապետյանը։ Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը ձեռք է բերել 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ունի դեռ երկու ներկայացուցիչ: Ապրիլի 18-ին մրցահարթակ դուրս կգան Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, +75 կգ քաշային կարգում Հայաստանի 2015 թվականի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը եւ 2014թ. պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը։

Պարոն Միլիտոսյան, դադարից  հետո Հայաստանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կրկին ունի չեմպիոնական տիտղոս: Սա թիմային աշխատանքի արդյու՞նքն է։

Ես շատ ուրախ եմ, որ մենք կրկին Եվրոպայի չեմպիոն ունենք, փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր։ Երկար սպասված էին այս արդյունքները մեզ համար։ Մասնավորապես, շատ ուրախ եմ 77 կգ քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանի հաղթական վերադարձի համար, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Սա իսկապես մեծ ձեռքբերում է։ Եվրոպայի առաջնությունում բոլոր գույների մեդալներից էլ նվաճելը թիմային աշխատանքի, նպատակի ու ձգտումի արդյունքն է։ Մարզիկներն էլ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի կարողանան այդ կիլոգրամները բարձրացնել, բայց այստեղ կենտրոնացված, ճիշտ ու արդյունավետ աշխատանք է տարվել հավաքականի նորանշանակ մարզիչի կողմից եւ արդյունքը սա է։ Ես շատ ուրախ եմ, միայն ցավում եմ, որ անձամբ չկարողացա ներկա գտնվել Թբիլիսիում եւ մեր տղաների հետ ուրախությունը նշել անմիջապես մրցավայրում։

Տիգրան Մարտիրոսյանը երկար դադարից հետո կրկին մրցահարթակում է։ Սպասու՞մ էիք նման արդյունքի Տիգրանից։

Տիգրան Մարտիրոսյանը մեր ուժեղագույն ծանրորդներից է։ Եթե նա մրցահարթակ է բարձրանում, ուրեմն նրանից մեդալի ակնկալիք կա, ուրեմն՝ թե նրա մարզիչները եւ թե մենք՝ բոլորս հավատում ենք, որ Տիգրանն առանց մեդալի մրցահարթակից դուրս չի գա։ Այս անգամ էլ նույն տրամադրվածությունն ունեի, շատ ուրախ էի, որ վերջապես Տիգրանը կմասնակցի եւ մեդալով կվերադառնա։ Սպասում էի մեդալի, բայց թե կոնկրետ որ գույնը, չգիտեի։ Իսկ նա ապացուցեց, որ հենց ոսկե մեդալ էլ պետք է սպասենք իրենից։

Տիգրանի ոճում որոշակի փոփոխություններ կայի՞ն այս տեւական դադարից հետո։

Կար փոփոխություն, տեխնիկապես որոշ փոփոխություններ նկատեցի, որոնք պետք է լինեին, նա երկար ժամանակ մրցահարթակ դուրս չէր եկել իրար հաջորդած վնասվածքների պատճառով։ Կարեւորն այն է, որ ինքնավստահության պակաս չէր զգացվում, նա իր ուժերին հավատում էր, վստահում էր։ Տիգրանի ինքնավստահությունն իր բարձրացրած կիլոգրամներն էին, ես դրանից քիչ չէի էլ սպասում նրանից։ Տիգրան Մարտիրոսյանին ես մեծ մարզիկ եմ համարում։

Եվրոպայի փոխչեմպիոն, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանի մասին ի՞նչ կասեք։

Սմբատ Մարգարյանը խոստումնալից երիտասարդ է։ Նա շատ հաջող մասնակցեց, արծաթե մեդալը եւս մեծ նվաճում է։ Կարծում եմ ոսկե մեդալին կհասներ, եթե մի փոքր շատ աշխատեր պոկում վարժության վրա։ Հուսամ՝ հետագայում նա ուշադրություն կդարձնի պոկում վարժության վրա, շատ կմարզվի եւ արդեն մեդալները կլինեն միայն ոսկե։

Երկու տարի որակազրկված Անդրանիկ Կարապետյանը եւս նշեց իր վերադարձը մեդալով՝ բրոնզե։ Ի՞նչ գնահատական կտաք Անդրանիկ Կարապետյանի մրցելույթին։

Անդրանիկ Կարապետյանը եւս հեռանկարային ծանրորդ է։ Երկու տարի որակազրկված ծանրորդի համար բրոնզե մեդալը շատ լավ արդյունք է։ Նույնիսկ չզգացվեց, որ սա նաեւ Անդրանիկ Կարապետյանի վերադարձն է՝ շատ ինքնավստահ էր, լավ մարզավիճակում էր եւ նա նույնպես վստահ էր իր ուժերի վրա։

Անդրանիկը հրում վարժությունից է թույլ։ Պոկում վարժությունը շատ լավ է կատարում, Եվրոպայի առաջնությունում էլ հրաշալի կատարեց պոկում վարժությունը։ Պետք է հրում վարժության վրա շատ աշխատի։ Եթե հրումն էլ դարձնի նույն մակարդակին, ինչ պոկումն է իր մոտ, նա միայն ու միայն ոսկե մեդալի հավակնորդների թվում կլինի եւ արդյունքներն էլ կլինեն իդեալական։ Ես համոզված եմ, որ Անդրանիկը դեռ շատ ավելի բարձր արդյունքներ ցույց կտա եւ մեզ առիթներ կտա ուրախանալու։

Աղջիկների մրցելույթներին հետեւո՞ւմ եք։ Ի՞նչ կասեք կանանց հավաքականի մասին։ Ինչո՞ւ կանանց հավաքականը դեռ չի պայքարում ոսկե մեդալի համար։

Հետեւում եմ, եւ գոհացնում են աղջիկների արդյունքները։ Միայն թե դեռ տղամարդկանց հավաքականի պես վստահ ոսկե մեդալի հետեւից չեն գնում մրցման։ Պատճառները շատ են։ Օրինակ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը արդեն մայրիկ է եւ մայրանալը արդեն իսկ թույլ է տալիս դժվարանալ ծանր կիլոգրամներ բարձրացնելու մեջ։ Բայց 5-րդ, 6-րդ տեղերը Եվրոպայի առաջնությունում վատ արդյունք չէ մեր աղջիկների համար։

Հռիփսիմե Խուրշուդյանը ձեռքի վնասվածք ուներ։ Հուսամ՝ արդեն ապաքինվել է։ Հռիփսիմեից մեծ ակնկալիքներ ունեմ։ Եթե մայրանալուց հետո նրա մարզիչները որոշել են, որ Հռիփսիմեն պետք է մասնակցի եւ շարունակի իր պայքարը մինչեւ Ռիո-2016, ուրեմն՝ վստահ են նրա ուժերի վրա, ուրեմն՝ թե Հռիփսիմեն եւ թե նրա մարզիչները հավատում են, որ նա կկարողանա։

Առջեւում աշխարհի առաջնությունն է, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերը։ Ի՞նչ հույսեր կան Հայաստանի տղամարդկանց հավաքականից։ Ըստ Ձեզ՝ աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն կունենա՞նք առաջիկա աշխարհի առաջնությունում եւ Ռիո-2016-ում։

Երբեք հույսը կորցնել պետք չէ: Պետք է հավատալ, սպասել, ոգեւորել մեր ծանրորդներին։ Ռիո-2016-ի արդեն 5 ուղեգիր ունի մեր հավաքականը։ Լավ կլիներ ամբողջական կազմով մասնակցեինք Օլիմպիական խաղերին, որպեսզի հույսն ավելի շատ լիներ։ Բայց այօր Հայաստանի պես պետության համար 5 ուղեգիրը վատ արդյունք չէ։ Հույս ունեմ, որ պետք է լավ լինի, մեր տղաները պատրաստ են օլիմպիական մեդալի համար պայքարել։

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Պողոս Պողոսյանին փոխարինեց Փաշիկ Ալավերդյանը։ Ձեզ գոհացնո՞ւմ է Փաշիկ Ալավերդյանի աշխատանքը։ Ի՞նչ եք կարծում՝ նա կկարողանա՞ հասնել մինչեւ աշխարհի եւ օլիմպիական չեմպիոնական տիտղոսներին։

Շատ լավ աշխատանք է տանում։ Դեռ 4 ամիս է գլխավորում հավաքականը եւ արդյունքը՝ մեկական ոսկի, արծաթ եւ բրոնզե մեդալներ։ Հուսամ՝ սա դեռ սկիզբն է։ Այս կարճ ժամանակի համար շատ լավ արդյունք է։ Այսօր երեք մեդալ միայն Եվրոպայի առաջնությունից՝ քիչ չէ։ Հույս ունենանք, որ թե մեր տղաները եւ թե Փաշիկ Ալավերդյանը մեզ նույն ուրախությունը կպարգեւեն աշխարհի առաջնությունում եւ Օլիմպիական խաղերում՝ ինչպես Եվրոպայի առաջնությունում եղավ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով