19:48  ,  30 մարտի, 2015

Արման Երեմյան. Նվաճեցի արծաթե մեդալ, սակայն եթե չստանայի վնասվածք, գուցե նաեւ չեմպիոն դառնայի

Վնասվածքի պատճառով Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտից հրաժարվելս թուրք մրցակցիս կողմից ընկալվեց որպես քաղաքականացված քայլ՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ։ Տատամի դուրս չգալու դեպքում, ինձ սպառնում էին նույնիսկ որակազրկել, սակայն թույլ չտվեցի։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Լոնդոնի Օլիմպիական խաղերում 5-րդ տեղը զբաղեցրած Արման Երեմյանը։ Ռուսաստանի Նալչիկ քաղաքում կայացած թաեքվոնդոյի օլիմպիական քաշային կարգերի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար, 80 կգ քաշային Արմանը Երեմյանը նվաճել է արծաթե մեդալ։

Արման, Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսով ես վերադարձել: Եզրափակիչում հրաժարվել մենամարտել թուրք մարզիկի հետ։ Ի՞նչն էր պատճառը, որ չպայքարեցիր մինչեւ վերջ։

Անցկացրեցի չորս գոտեմարտ, սակայն վնասվածքիս պատճառով հրաժարվեցի եզրափակիչ մենամարտից։  Երրորդ գոտեմարտի ժամանակ ծնկի թեթեւ վնասվածք ստացա։ Կիսաեզրափակիչում վնասվածքս խորացավ՝ ուժեղ հարված ստացա ծնկիս։ Եզրափակիչ դուրս գալ այլեւս չցանկացա, հրաժարվեցի, քանի որ վախեցա կոտրվածքից, առջեւում ավելի կարեւոր եւ պատասխանատու մրցաշարեր կան եւ վնասվածքով չեմ կարող դուրս գալ պայքարի։ Իմ այս որոշումն, իհարկե, ճիշտ չընկալվեց եզրափակիչ դուրս եկած իմ թուրք մրցակցի եւ նրա մարզիչների կողմից։ Նրանք հայտարարեցին, որ ես դա անում եմ միտումնավոր՝ ունենալով քաղաքական ենթատեքստ։ Նրանք նույնիսկ հայտարարեցին, թե ես քաղաքականացնում եմ սպորտը՝ հաշվի առնելով ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը։

Ինձ նույնիսկ սպառնացին որակազրկմամբ։ Բայց քանի որ ես դա թույլ չէի կարող տալ, առաջարկեցին՝ դուրս գամ տատամի, 10 վայրկյան կանգնեմ եւ հետո նոր մարզիչս, հաշվի առնելով վնասվածքս, ձեռքը բարձրացնի եւ պաշտոնապես հրաժարվեմ եզրափակիչից։ Եթե որակազրկվեի՝ Եվրոպական խաղերին, աշխարհի առաջնությանը չէի կարողանալու մասնակցել, բնականաբար, օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու հնարավորությունից էլ կզրկվեի։ Այս առաջնությունն ինձ օլիմպիական վարկանիշային միավորներ տվեց, սակայն շատ քիչ։ Ավելի շատ միավորներ ձեռք կբերեմ աշխարհի առաջնությունում, որը մայիսին է Չելյաբինսկում:

Գո՞հ ես քո մասնակցությունից։

Շատ գոհ եմ։ Կարողացա բոլոր մրցակիցներիս նկատմամբ առավելություն գրանցել։ Լավ մարզավիճակում էի։ Ես նվաճեցի արծաթե մեդալ, սակայն եթե չստանայի վնասվածք, գուցե նաեւ ոսկե մեդալը նվաճեի։ Եվրոպայի առաջնություն է, Եվրոպայի փոխչեմպիոն եմ։

Հայաստանն այս առաջնությանը մասնակցեց յոթ մարզիկով՝ վեց տղա, մեկ աղջիկ։  Ափսոսում եմ, որ մեր մյուս բոլոր մասնակիցները առաջին գոտեմարտերում պարտվեցին։

Դու շարունակում ես պարբերաբար մասնակցել միջազգային մրցաշարերի։ Ֆեդերացիայի կողմից ֆինանսավորման հետ կապված տարաձայնությունները հարթվե՞լ են, թե՞ դեռ շարունակում ես սեփական միջոցներով օլիմպիական ուղեգիր նվաճելու քո պայքարը։

Տարաձայնությունների հարթվելու մասին դեռ կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դեռեւս Գրան պրի մրցաշար չկա առջեւում, որպեսզի հասկանանք ֆեդերացիայի դիրքորոշումը: Սա Եվրոպայի առաջնություն էր՝ պետական ֆինանսավորմամբ եմ մասնակցել։ Բայց, առհասարակ, իմ բոլոր մրցումները, ուսումնամարզական հավաքները ֆինանսավորում է ՀԱՕԿ-ը։

Ինչ վերաբերում է իմ եւ ֆեդերացիայի միջեւ առկա տարաձայնություններին, վստահ չեմ կարող ասել, որ դրանք հարթվել են։ Հերթական սխալ քայը եղավ իմ նկատմամբ ֆեդերացիայի կողմից այս առաջնության ժամանակ։ Իմ անձնական մարզիչ Վարդան Վարդանյանին ֆեդերացիան թույլ չտվեց իմ կողքին լինել տատամիում, ինձ հետ նստել որպես իմ մարզիչ։ Վարդան Վարդանյանը հավաքականի հետ մեկնել էր Նալչիկ, սակայն որպես իմ անձնական մարզիչ նա չկարողացավ իմ կողքին լինել, ինձ օգնել գոտեմարտերի ժամանակ։ Նրա համար ֆեդերացիան առաձին հայտ պետք է ներկայացներ եւ ստանար տատամիում գտնվելու անցաթուղթ՝ բեյջ, բայց ֆեդերացիան հայտը չէր ներկայացրել։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս