22:44  ,  8 հունիսի, 2012

Եվրո-2012. Անակնկալներով լի փառահեղ հանդիպում

Երկու կարմիր քարտ, չիրացված 11 մետրանոց հարված, անկանխատեսելի զարգացումներ, մրցավարական կասկածելի որոշումներ… իրադարձություններով չափազանց հարուստ ստացվեց Եվրո-2012-ի մեկնարկային հանդիպումը. Լեհաստանն ընդունել էր Հունաստանի հավաքականին:
 
Առաջին րոպեներին հետախուզական եւ զգույշ մարտավարությունից հետո Լեհաստանի հավաքականը գործի անցավ: Խաղի բացահայտ ֆավորիտ համարվող լեհերի գրոհները հաջորդում էին մեկը մյուսին:

Արդեն 5-րդ րոպեին լեհերը կարող էին բացել խաղի հաշիվը, երբ խառը իրավիճակում գնդակը անցավ Մուրավսկուն եւ նա ոչ ուժեղ, բայց դիպուկ հարված կատարեց դարպասին։ Խալկիասը հիանալի ցատկով կարողացավ ետ մղել գնդակը:

Լեհերը շարունակում էին իրենց երկրպագուների ջերմ աջակցությամբ անընդհատ գրոհել: Տարածքային առավելությունն ակնհայտ էր՝ 10-րդ րոպեին գնդակին տիրելու 89-11 տոկոսային հարաբերակցություն: Նույնիսկ «Բարսելոնայի» համար է նման առավելություն ստանալը բարդ:

12-րդ րոպեին հույները վերջապես հարվածեցին դարպասի ուղղությամբ, սակայն Գեկասի գլխով կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց:

15-րոպեին լեհերը շատ մոտ էին հաշիվը բացելուն, սակայն Պիշչեկի եզրային փոխանցումից հետո Լեւանդովսկուն միլիմետրեր չհերիքեց դարպասը գրավելու համար:

Գոլը կայացավ 18-րդ րոպեին: Հերթական եզրային անցումից հետո Բլաշիկովսկին փոխանցում կատարեց, եւ չգիտես ինչու դարպասային գոտում մենակ մնացած Լեւանդովսկին գլխի հարվածով վարպետորեն գրավեց Խալկիասի դարպասը: Սա Եվրո-2012-ի առաջին գնդակն է:

Դրանից հետո խաղը մի փոքր հանդարտվեց: Ակնհայտ էր, որ հույները չէին սպասում լեհերի նման ճնշմանը, գրոհները շատ արագ կասեցվում էին: 37-րդ րոպեին հույների գլխացավանքները ավելացան, երբ վնասվածքի պատճառով դաշտը լքեց Ավրաամ Պապադոպուլոսը՝ տեղը զիջելով մյուս Պապադոպուլոսին՝ Կիրիակոսին: Անմիջապես դրան հետեւեց լեհերի նոր գրոհը, սակայն Պերիշիչը չիրացրեց 100 տոկոսանոց պահը:

Թվում էր, թե առաջին խաղակեսը այդպես էլ կավարտվի, սակայն վերջին րոպեին Սոկրատիս Պապաստոպուլոսը կանոնների խախտումով կասեցրեց մրցակցի վտանգավոր գրոհը, ստացավ 2-րդ դեղին քարտը եւ հեռացվեց դաշտից: Իսկ 1-ին խաղակեսի ավելացված ժամանակում տեղի ունեցավ հանդիպման ամենավիճելի պահը. լեհերի պաշտպան Պերկիսը իր տուգանային հրապարակում վայր ընկնելիս ձեռքով դիպավ գնդակին, սակայն մրցավար Կարբալյոյի սուլիչը լռեց: Հույները այնքան բուռն բողոքեցին այդ որոշման դեմ, որ Օլեբասը դեղին քարտ ստացավ:
 
1-ին խաղակեսից հետո, թվում էր, թե հաղթանակը լեհերի գրպանում է: Մրցակիցը մեկ խաղացող պակաս ունի, մեկ պարտադրված փոխարինում: Բայց այդպես չէր մտածում հույների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը: Նա ընդմիջմանը 2-րդ խաղակեսին Նինիսի փոխարեն խաղադաշտ մտցրեց երկրորդ հարձակվողին՝ Սալպինգիդիսին: Ինչպես պարզվեց, իմաստուն որոշում:
Հանդիպումը վերսկսելուց հետո, 51-րդ րոպեին հույների եզրային գրոհից հետո անհաջող խաղաց լեհերի դարպասապահ Շչեսնին, գնդակը անցավ Սալպինգինդիսին, եւ վերջինս գրավեց դատարկ դարպասը:

Սա իսկական շոկ էր լեհերի համար, որոնք այդպես էլ, ինչպես պարզվեց, ուշքի չեկան: Իսկ հույները ոգեւորված շարունակում էին վտանգավոր պահեր ստեղծել լեհերի դարպասին: 63-րոպեին արդեն Սամարասը հիանալի դիրքում շեղ հարվածեց: Լեհերը բացարձակապես այդ րոպեներին անզոր տեսք ունեին:

Հանդիպման 69-րդ րոպեին տեղի ունեցավ խաղի կուլմինացիոն պահը. Հույների հերթական հրաշալի գրոհից հետո նույն Սալպինգիդիսը մեն-մենակ հայտնվեց Շչեսնիի դեմ, եւ վերջինս ստիպված կաննոների խախտումով կասեցրեց հույն հարձակվողի գրոհը: 100 տոկոսանոց 11 մետրանոց, իսկ Շչեսնին կարմիր քարտի արժանացավ եւ լքեց դաշտը: Բայց սա դեռ վերջը չէր: Շչեսնիին փոխարինած Տիտոնը, ինչպես երեւում է, ամբողջությամբ դիտել էր Հունաստան-Հայաստան հանդիպումը, տպավորված էր Բերեզովսկու հետ մղած 11 մետրանոցներից եւ նույն կերպ, փայլուն ցատկով հետ մղեց Կարագունիսի հարվածը:

Այս դրվագից հետո խաղը լրիվ հանդարտվեց: Ինչպես երեւում էր, երկու կողմերն էլ սպառել էին իրենց ամբողջ էմոցիոնալ, ֆիզիկական, հոգեբանական ռեսուրսները:
Խաղն այդպես էլ ավարտվեց՝ մարտական ոչ-ոքի՝ 1:1, որը լիովին արտացոլում է խաղի պատկերը:
 
Եվրո-2012. А խումբ, 1-ին տուր

Լեհաստան – Հունաստան՝ 1։1
Լեւանդովսկի, 17 – Սալպինգիդիս, 51
Հեռացումներ՝ Շչեսնի, 70 – Պապաստատոպուլոս, 45
Չիրացրած 11 մետարնոց՝ Կարագունիս, 71 (Հունաստան)

Լուսանկարը՝ uefa.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով