22:17  ,  20 մարտի, 2015

Փաշիկ Ալավերդյան. Տիգրան Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը եւ Անդրանիկ Կարապետյանը կմեկնեն Եվրոպայի առաջնության

77 կգ քաշային կարգում հանդես եկող մեր լավագույն երեք մարզիկներն էլ՝ Տիգրան Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը եւ Անդրանիկ Կարապետյանը կմեկնեն Թբիլիսի՝ Եվրոպայի առաջնության: Արդեն տեղում կորոշենք՝ ով կմասնակցի, ով հանդես կգա 85 կգ քաշային կարգում: Կայացավ փորձամրցումը եւ հասկացա, որ երեք ուժեղագույններին էլ պետք է տանենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Մարտի 20-ին Աբովյան քաղաքի մարզաբազայում, որտեղ տղամարդկանց Հայաստանի հավաքականն անցկացնում էր ուսումնամարզական հավաք, կայացել է 77 կգ քաշային երեք ծանրորդների փորձամրցումը:

«Այսօր անցկացրեցինք փորձամրցումը եւ որոշեցինք, որ Եվրոպայի առաջնության կմեկնեն մեր երեք ուժեղագույն մարզիկներն էլ՝ Տիգրան Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը եւ Անդրանիկ Կարապետյանը: Այնտեղ տեղում կորոշենք, թե այս երեք ծանրորդներից որ երկուսը կմասնակցեն 77 կգ քաշային կարգում, եւ նրանցից ով կբարձրացնի քաշը: Մենք դեռ բավական ժամանակ ունենք: Հայաստանում ավարտեցինք Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաքները: Տղամարդկանց հավաքականը հավաքն անցկացնում էր Աբովյանում, կանանց հավաքականը՝ Ծաղկաձորում: Մարտի 23-ին կվերադառնանք Երեւան: Ես խոստացել էի, որ կփորձեմ կազմակերպել վերջին ուսումնամարզական հավաքը մրցավայրում: Ինձ հաջողվեց կազմակերպել մեր վերջին հավաքն անմիջապես մրցավայրում: Կմեկնենք մարտի 27-ին: Արդեն այնտեղ կհասկանանք՝ ով կբարձրացնի այս երեք ծանրորդների մեկը իր քաշը մինչեւ 85 կգ: Նրանք երեքն էլ պատրաստ են Եվրոպայի առաջնությանը: Մնացածը արդեն թբիլիսյան հավաքում կորոշենք:

Մյուս քաշային կարգերի ներկայացուցիչները արդեն հստակ որոշված էր՝ Սմբատ Մարգարյան (56 կգ), Ռուստամ Կարապետյանն ու Վանիկ Ավետիսյան (երկուսն էլ՝ 69 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ)»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Եվրոպայի առաջնությունը բաց կթողնի գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 9-18-ը՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով