16:38  ,  15 փետրվարի, 2015

Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը նոր պայմանագիր կնքեց «Սպարտակի» հետ (ֆոտո)

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը փետրվարի 15-ին երկարաձգել է Մոսկվայի «Սպարտակի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:

Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: 27-ամյա Մովսիսյանի նախորդ համաձայնագիրը նախատեսված էր մինչեւ 2017 թվականը եւ նա ստանում էր տարեկան 2 միլիոն դոլար աշխատավարձ:

Նոր պայմանագիր կնքելուց հետո «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն պատմել է, որ կողմերի միջեւ բանակցությունները շատ արագ են տեղի ունեցել:

«Շատ ուրախ ենք, որ Յուրայի կարգի ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը: Սա Մովսիսյանի՝ «Սպարտակի» հանդեպ վերաբերմունքի հերթական ապացույցն է, մեր թիմի մարզաշապիկով խաղալու եւ հաջողության հասնելու նրա ցանկությունը: Յուրայի տեղափոխության մասին լուրերը հիմնավորված չէին: Հարձակվողը տարիներ առաջ էր որոշել իր ապագան կապել «Սպարտակի» հետ: Բանակցությունները շատ արագ տեղի ունեցան: Գրեթե ամեն բան որոշվեց մեկ օրում»,- նշել է Ասխաբաձեն:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը 2013-ին ռուսական «Կրասնոդարից» է տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 8 խաղի՝ դառնալով մեկ գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ նա ճանաչվել էր «Սպարտակի»՝ 2013/2014թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս օրերին Յուրան մոսկովյան ակումբի հետ հավաքի է մասնակցում թուրքական Բելեկում: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են գրմանական մի քանի ակումբներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news