19:36  ,  17 նոյեմբերի, 2014

Վանիկ Ավետիսյան. Եթե մարզիչներս գոհ են, ուրեմն հաջողված է ելույթս աշխարհի առաջնությունում

Եթե իմ մարզիչներն ինձանից գոհ են, ուրեմն հաջողված է իմ մրցելույթը աշխարհի առաջնությունում: Պողոս Պողոսյանի գնահատականը գերազանց է 5-րդ տեղիս համար:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այսպես գնահատեց իր մրցելույթը ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց մրցապայքարում 5-րդ տեղը զբաղեցրած 69 կգ քաշային, Եվրոպայի փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյանը: 

«Եթե իմ մարզիչները գոհ են իմ արդյունքից, ուրեմն ես էլ եմ գոհ, ուրեմն իսկապես հաջողված է իմ ելույթը աշխարհի առաջնությունում: Բարդ պայքար էր: 5-րդ տեղը լավ արդյունք է աշխարհի առաջնության համար, այն էլ այս աշխարհի առաջնության, բայց ես հնարավորություն ունեի ավելի բարձր տեղերի համար պայքարելու: Ինձ խանգարեց պոկում վարժությունում ցույց տված արդյունքս, որը 141 կգ էր: Ես այդ վարժությունից միշտ «կաղում» եմ, ահա թե ինչու ավելի բարձր տեղերի համար պայքարելու հնարավորությունը ձեռքիցս բաց թողեցի:

Մեծ էր մրցակցությունը, շատ ուժեղ էին մասնակիցները, բոլորն էլ: Դժվար էր այդ ուժեղագույնների մեջ պայքարելը: Հոգեբանորեն լիարժեք պատրաստ էի, որեւէ մոտեցման ժամանակ հոգեբանորեն ինձ ճնշող ոչ մի հանգամանք չկար: Ուղղակի վերջին մոտեցման կիլոգրամը երբ բարձրացրինք, արդեն շատ էր տարբերությունը եւ չկարողացա իրացնել այն:

Մեր մարզիչը՝ Պողոս Պողոսյանը շատ գոհ է ինձանից, նրա գնահատականը նույնիսկ գերազանց էր իմ ցույց տված արդյունքի համար: Ուրախ եմ, որ կարողացա իմ առջեւ դրված պահանջները, խնդիրները իրականացնել»,- ասաց Վանիկ Ավետիսյանը:

Նոյեմբերի 16-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց մրցապայքարում լավագույն արդյունքը ցուցադրեց Վանիկ Ավետիսյանը, ով զբաղեցրեց 5-րդ տեղը, երկամարտում գրանցեց 320 կգ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով