16:40  ,  10 նոյեմբերի, 2014

Վանիկ Ավետիսյան. Չեմ վախենում ոչ մեկից եւ չեմ անհանգստանում ոչնչից

Նախապես որեւէ հայտարարություն չեմ ցանկանում անել, մրցահարթակը ցույց կտա: Ունեմ լավ մարզավիճակ: Չեմ վախենում ոչ մեկից եւ չեմ անհանգստանում ոչնչից: Ամեն ինչ պարզ կլինի մրցահարթակում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալմաթիում այս օրերին ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը, որը մրցահարթակ դուրս կգա այսօր՝ նոյեմբերի 10-ին:

Վանիկ, ինչպե՞ս ես տրամադրված այսօրվա ելույթին:

Լավ եմ տրամադրված, նպատակային, որ լավ արդյունք ցույց տամ, ծանր կիլոգրամներ բարձրացնեմ եւ վարկանիշ ձեռք բերեմ: Չեմ վախենում ոչ մեկից եւ չեմ անհանգստանում ոչնչից: Ամեն ինչ պարզ կլինի մրցահարթակում: Ինքնավստահություն ունեմ, որն այս պարագայում ամենալավ օգնող հանգամանքն է յուրաքանչյուր մարզիկի համար:  

Ի՞նչ մարզավիճակում ես գտնվում:

Բավական լավ: Երկարատեւ մարզումներ ենք ունեցել, հավաքներ, ծանր ու մեծ աշխատանք է արվել աշխարհի առջնությունից առաջ: Բայց դա դեռ չի նշանակում, որ վստահ կարող ենք հայտարարել, թե պարտադիր մեդալ ենք նվաճելու: Ամեն ինչ կախված է մրցումից, մրցահարթակից:

Վանիկ, ի՞նչ կարեւորություն ունի քեզ համար մասնակցությունն աշխարհի առաջնությանը:

Բացի այն, որ սա տարվա կարեւորագույն մրցաշարն է, այն նաեւ օլիմպիական վարկանիշային է: Ինձ համար 100 տոկոսով կարեւորվում է այս առաջնությունը եւ առաջնությունում իմ մասնակցությունը:

Մեդալի ակնկալիք ունե՞ս:

Ակնկալիքներից խոսել դեռեւս չեմ կարող: Մրցահարթակը ցույց կտա ամեն ինչ: Եթե հնարավորություն ունենամ պայքարել մեդալի համար, միանշանակ կպայաքարեմ ուժերիս չափով: Իմ քաշային կարգում չեմ առանձնացնում ոչ մեկին՝ այս երկրի ներկայացուցիչն է մրցակից, այն երկրինը: Ինձ համար բոլորն էլ մրցակից են, այն էլ աշխարհի առաջնությունում: Երկամարտում ներկայացրել ենք 330 կգ-ի հայտ: Մնում է միայն ամեն ինչ բարեհաջող անցնի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով