18:51  ,  6 նոյեմբերի, 2014

Սիմոն Մարտիրոսյան. Մարտական եմ տրամադրված, գերազանց մարզավիճակում եմ

Մեդալի հույս ունեմ։ Հավատ ունեմ, որ կկարողանամ մրցանակային տեղ զբաղեցնել։ Հնարավորինս անելու եմ ամեն բան, որպեսզի չհիասթափեցնեմ հավաքականի եւ իմ մարզիչներին, ինձ վստահողներին, հավաքականի տղաներին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի աշխարհի առաջնությունում 105 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը։ 17-ամյա ծանրորդը մրցահարթակ դուրս կգա նոյեմբերի 15-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքական պատրաստվում է նոյեմբերի 8-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկելիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը։ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մրցաշարից առաջ վերջին հավաքներն անցկացրել են Ալմաթիում։

Սիմոն, մեծահասակների աշխարհի առաջնությունում քո առաջին մասնակցությունն է։ Ինչպե՞ս ես տրամադրված պայքարին։

Մարտական եմ տրամադրված։ Ինձ համար սա շատ կարեւոր եւ պատասխանատու մրցաշար է։  Ունեմ գերազանց մարզավիճակ, երկարատեւ մարզումների արդյունքում ձեռք եմ բերել լավ մարզավիճակ, տրամադրված եմ միայն լավ մրցելույթի, նպատակս մեդալ նվաճելն է։

Դու արդեն համալրել ես մեծահասակների հավաքականը եւ նորամուտդ նշում ես օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Քեզ չի վախեցնո՞ւմ այս պատասխանատու մրցաշարը եւ այն, որ ուժերդ չափելու ես արդեն մեծահասակների հետ։

Չեմ կենտրոնանում այն մտքի վրա, որ սա աշխարհի առաջնությունն է, մեծահասակների հետ եմ պայքարի դուրս գալու։ Ինձ տրամադրում եմ այնպես, որ սա սովորական, հերթական մրցաշարն է, որպեսզի հուզմունք ու անհանգստություն չունենամ։ Այո, շատ պատասխանատու է, որ ինձ վստահել են եւ ընդգրկել մեծահասակների հավաքական։ Ինձ մեծահասակների կազմում շատ լավ եմ զգում, եւ ուրախ եմ, որ նրանց հետ դուրս եմ գալու պայքարի։ Վախ, անհանգստություն չունեմ։

Սիմոն, պատանեկան օլիմպիական չեմպիոնի տիտղոսը վստահություն հաղորդո՞ւմ է քեզ։

Այո, շատ։ Ներքին վստահություն ունեմ, կարծում եմ դա հենց պատանեկան Օլիմպիական խաղերի հաջողությունն է ինձ ոգեշնչում։ Բացի ինքնավստահությունից, նաեւ փորձ է ինձ համար, որն անցել եմ, ու հույս ունեմ, որ այս անգամ էլ պատվով կանցնեմ։

Քո քաշային կարգում ո՞ր երկրների մարզիկներին ես համարում գլխավոր մրցակից այս առաջնությունում։

Կարծում եմ՝ մրցահարթակում պայքարելու եմ Ղազախստանի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչների հետ։ Հնարավորինս անելու եմ ամեն բան, որպեսզի չհիասթափեցնեմ հավաքականի եւ իմ մարզիչներին, ինձ վստահողներին, հավաքականի տղաներին, ովքեր եւս հավատում են ինձ, եւ ամենակարեւորը՝ չհիասթափեցնեմ ինքս ինձ, իմ սպասելիքներից։

Իսկ ի՞նչ սպասելիքներ ունես։ Մեդալի ակնկալիքներ կա՞ն։

Ինչպես արդեն մեկ անգամ ասել եմ՝ պատանեկան Օլիմպիական խաղերից հետո, ես ունեմ երազանք, դա մեծահասակների Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելն է եւ օլիմպիական ոսկին նվաճելը։ Սա այդ ճանապարհն է՝ դեպի Օլիմպիական խաղեր։ Սպասելիքներ կան, մեդալի հույսեր ունեմ։ Չեմ նշի, թե որ գույնի մեդալ կբերեմ, բայց հավատ ունեմ, որ կկարողանամ մրցանակային տեղ զբաղեցնել։ Ներքին վստահություն կա։ Արդեն ներկայացրել ենք երկամարտում նախնական հայտս՝ 400 կգ։  Ես ցանկանում եմ օգնել հավաքականի տղաներին, վարկանիշային միավորներ տալ հավաքականին եւ ամենակարեւորը մեդալ նվաճել։ Սա իմ հնարավորությունն է եւ ես կանեմ ամեն ինչ իմ նպատակին ու երազանքին հասնելու համար։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով