20:11  ,  28 մայիսի, 2012

Զավեն Բադոյան. Մի փոքր երկար հարմարվեցի ԲԱՏԷ-ի խաղաոճին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 26-ից հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով Հունաստանի (մայիսի 31) եւ Ղազախստանի (հունիսի 5) հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: Հայաստանի հավաքականի կազմում նոր անուններ չկան, բոլոր խաղացողներն էլ ծանոթ են: Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն Հայատանի հավաքականում ներկայացնում է երիտասարդ կիսապաշտպան Զավեն Բադոյանը, ով աստիճանաբար հաստատվել է նոր թիմի մեկնարկային կազմում:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Զավեն Բադոյանի հետ:

Զավեն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելառուսում առաջնությունը նոր է մեկնարկել: Ինչպի՞սի տրամադրությամբ ես ժամանել Հայաստան:

Միշտ մեծ ուրախությամբ եմ ընդունել հավաքականի հրավերքը եւ միշտ էլ մեծ ցանկությամբ եմ ժամանել Հայաստան: Շատ եմ ուզում խաղալ ու օգտակար լինել Հայաստանի հավաքականին:

ԲԱՏԷ-ի մեկնարկային խաղերում հազվադեպ էիր խաղադաշտ դուրս գալիս, սակայն հետագայում աստիճանաբար սկսեցիր հանդես գալ մեկնարկային կազմում: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

Կարծում եմ, որ տակտիկայի փոփոխման խնդիրն էր: Բացի այդ, ես մի փոքր երկար հարմարվեցի թիմի խաղաոճին: Արդեն մոտ հինգ ամիս  է ինչ թիմում եմ, մասնակցել են շատ հանդիպումների ու կարծես թե արդեն հարմարվել եմ: Առաջնության առաջին խաղում պարտվեցինք, սակայն հետո 10 անընդմեջ հաղթանակ տարանք:

Ի՞նչ զգացողությամբ ես հանդես գալիս բելառուսի չեմպիոնի կազմում, եւ եթե համեմատես ԲԱՏԷ-ի խաղաոճը հայկական թիմերի հետ, որ թիմին է նման:

Իհարկե զգացվում է, որ չեմպիոն թիմի կազմում եմ խաղում, քանի որ յուրաքանչյուր խաղում մաքսիմալ առաջադրանք է դրված խաղացողների առջեւ: Բացի այդ ԲԱՏԷ-ն շատ ուժեղ թիմ է: Ինչ վերաբերում է խաղաոճին, ապա այն նման է «Իմպուլսին» (ժպտում է): ԲԱՏԷ-ում էլ արագ փոխանցումների միջոցով կիրառվում է կոմբինացիոն ֆուտբոլ, ինչպես «Իմպուլսում»: Իմ ներկայիս թիմում էլ ես խաղում եմ կիսապաշտպանության, կամ կարելի է ասել հարձակման ձախ եզրում ու ավելի շատ պետք է մասնակցեմ թիմի հարձակողական գործողություններին:

Հունաստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ խաղերն ի՞նչ նշանակություն ունեն քո համար:

Չեմ կարող ասել, թե ինչքան եմ տրամադրված այս խաղերին: Պարզապես շատ-շատ: Քանի որ վնասվածքի պատճառով բաց թողեցի Սերբիայի ու Կանադայի հավաքականների հետ խաղերը, հիմա պարզապես անսահման ցանկություն կա խաղալու ու թիմին օգտակար լինելու համար:

Հայաստանի հավաքականը ներկայումս նախապատրաստական փուլում է: Ի՞նչ կասես աշխարհի 2014թ. առաջնության ընտրական խմբի մասին:

Չեմ ուզում անդրադառնալ մեր մրցակիցներին: Կխոսեմ մեր թիմի մասին: Մենք ունենք մարտական տրամադրված ու հաստատուն նպատակ ունեցող կոլեկտիվ, որն արդեն ապացուցել է, որ կարող է ցուցադրել բարձրակարգ ֆուտբոլ: Վստահ եմ, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ ավելի առաջ կարող են գնալ վարպետության բարձրացման առումով ու Հայաստանի հավաքականը դեռ շատ ուրախ պահեր է պարգեւելու իր երկրպագուներին ու մեր ազգին:

Զավեն, մեր նախորդ հարցազրույցում դու նշեցիր, որ տատիկդ է օգնում քեզ՝ խաղերին նախպատրաստվելու: Հիմա անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն:

Փոփոխություն կա, բայց ոչ այն, ինչ դուք ինկատի ունեք: Առաջ հիմնականում բնակվում էի Մինսկում ու ամեն օր ստիպված էի մարզման մեկնել Բորիսով եւ հետ վերադառնալ: Հիմա արդեն ես շաբաթվա հինգ օրը լինում եմ Բորիսովում՝ ԲԱՏԷ-ի մարզաբազայում: Մինսկ եմ վերադառնում միայն շաբաթվա վերջին երկու օրերին: Իսկ տատիկս արդեն վերադարձել է Հայաստան:

Եվրո-2012-ում ո՞ր հավաքականն է հաղթելու:

Ես շատ կուզենայի, որ հաղթեին իսպանացիները: Շատ ուժեղ թիմեր են նաեւ Գերմանիայի եւ Հոլանդիայի հավաքականները:

Ըստ քեզ՝ Հայաստանի հավաքականում ամենաուժեղ խաղային օղակը ո՞րն է,  կամ ո՞ր ֆուտբոլիստն է ամենաուժեղը:

Կարծում եմ, որ առանձին չի էլ կարող լինել: Մեր հավաքականն ուժեղ է իր միասնականությամբ: Բոլոր օղակների ֆուտբոլիստներն էլ նվիրված են իրենց գործին ու չմոռանաք, որ մենք միշտ թիմային խաղով ենք հասնում հաջողության:


Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս