11:27  ,  28 մարտի, 2012

Զավեն Բադոյանին Բելառուսում տատիկն է օգնում պատրաստվել խաղերին

2011թ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ընթացքում եւ ավարտից հետո մեր հավաքականի շատ ֆուտբոլիստներ տեղափոխվեցին արտասահմանյան ակումբներ: Տեղափոխություններից մեկն էլ գրանցվեց «Իմպուլսի» կազմում: Թիմի առաջատար խաղացողներից մեկը` Զավեն Բադոյանը, հրավեր ստացավ Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ թիմից ու շուտով պայմանագիր կնքեց այդ թիմի հետ: Խաղային առաջնթաց ապահովելու համար 22-ամյա ֆուտբոլիստի համար շատ կարեւոր տեղափություն էր, եւ 2012 թվականի հունվարից հայ կիսապաշտպանը չորս տարվա պայմանագիր կնքեց ԲԱՏԷ-ի հետ: Բելառուսում արդեն մեկնարկել է երկրի առաջնությունը, եւ ԲԱՏԷ-ն առաջին տուրում 0:1 հաշվով պարտություն է կրել «Մինսկից»: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ:

Զավեն, ինչպե՞ս հաստատվեցիր ԲԱՏԷ-ում, հարմարվելու համար խանգարող հանագամանքներ եղա՞ն:

Ամեն ինչ շատ լավ ընթացավ: Փորձաշրջանից սկսած ես արագորեն մերվեցի թիմին, մարզիչներն էլ իրենց լավ վերաբերմունքով ինձ շանս տվեցին դրսեւորվելու համար: Մնում է, որ ես մարզումներին լավ աշխատեմ ու կարողանամ արդեն հանդիպումների ժամանակ օգտակար լինեմ թիմին:

ԲԱՏԷ-ի կազմում դու արդեն մասնակցել ես մի քանի խաղերի: Ի՞նչ տարբերություն կա քեզ համար, եթե համեմատենք «Իմպուլսի» խաղաոճի հետ: Չէ որ «Իմպուլսում» խաղը հիմնականում կառուցվում էր քո գործողությունների վրա:

Տակտիկայի առումով որոշակի փոփոխություններ, իհարկե, կան: Եվ բացի այդ, ինչպես նշեցիք, այստեղ հիմա խաղը ինձ վրա դեռեւս չի կառուցվում, եւ ես որոշակի ազատություն ունեմ այդ առումով: Իսկ նմանությունը կայանում է նրանում, որ երկու թիմերն էլ երկար փոխանցումների շատ չեն դիմում` գնդակը խաղընկերոջը հասցեագրելով «ներքեւից» եւ միաժամանակ օգտագործում են հարձակման եզրերը:

Զավեն, փաստորեն քո մարզական կարիերան սրընթաց զարգացում ունեցավ, ու դու արդեն հայտնվել ես մի թիմում, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում: Ինչո՞վ կբացատրես նման առաջընթացը:

Ես որպես ֆուտբոլիստ ձեւավորվեցի ու իմ առաջին լուրջ քայլերը կատարեցի «Կիլիկիայում», որտեղ ինձ շատ օգնեց Աշոտ Բարսեղյանը: Հետո, երբ ես ծառայում էի բանակում, ամեն ինչ անում էի, որպեսզի մարզավիճակս կարողանամ պահպանել: Փառք Աստծո, կարողացա հաղթահարել այդ դժվարությունները: Իսկ «Իմպուլսում» իմ խաղը նոր երանգներ ստացավ, իհարկե, շնորհիվ Արմեն Գյուլբուդաղյանցի: Կարող եմ ասել, որ հենց Իշխանիչը ինձ համոզեց, որ ես կարող են խաղալ «դրսում»: Պատկերացրեք, որ մարզումներից ավելի շատ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ զրույցներն են ինձ օգնել: Անընդհատ ոգեւորում էր, ու նրա յուրաքանչյուր բառը ինձ շատ օգնել է: Ընդ որում նշեմ, որ այս պահին էլ Գյուլբուդաղյանցը ինձ օգնում է իր խորհուրդներով: Ես  երբեմն ընկճվում եմ, երբ ինչ-որ բան չի ստացվում, ու այդ արգելքը հաղթահարում եմ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ:

Պաշտոնական մրցաշրջանը Բելառուսում հաջող չմեկնարկեց ԲԱՏԷ-ի համար: Առաջին խաղում դուք պարտվեցիք:

Դե ֆուտբոլ է, ամեն ինչ էլ լինում է: «Մինսկի» հետ խաղում մենք, եթե օգտագործեինք մեր գոլային պահերը, իհարկե չէինք պարտվի: Ինչ վերաբերում է կոնկրետ իմ խաղին, ապա ես յուրաքանչյուր խաղում նվիրվելու եմ հարյուր տոկոսով ու ամեն ինչ կանեմ, որպեսզի ԲԱՏԷ-ն հաղթանակ տանի: Ես պետք է կարողանամ թիմի մեկնարկային կազմում իմ տեղը վաստակել, քանի որ շատ բարձր մրցակցություն է թիմի յուրաքանչյուր խաղային օղակում:

Չես կարծո՞ւմ, որ քեզ պետք է շատ լավ հանդես գալ ԲԱՏԷ-ում, եւ դա հնարավորություն կտա մտածել նաեւ ավելի ուժեղ առաջնությունների մասին:

Միանշանակ այդպես է: ԲԱՏԷ-ն շատ ուժեղ թիմ է, եւ իրոք որ այս թիմում լավ հանդես գալու դեպքում արդեն կարող են բացվել շատ լավ հեռանկարներ, ավելի բարձրակարգ առաջնություններում ու ավելի ուժեղ թիմերում:

Զավեն, ազատ ժամանակ ունենո՞ւմ ես, քաղաքում զբոսնո՞ւմ ես: Բորիսովոյում ինչպիսի՞ն է վերաբերմունքը  կովկասցիների նկատմամբ:

Ճիշտն ասած, ազատ ժամանակ այնքան էլ շատ չեմ ունենում, եթե ունենում էլ եմ, ապա հանգստանում եմ: Շատ կարեւոր է արագ վերականգնել ուժերս: Քաղաք դուրս գալիս եմ խանութ հաճախելու համար, եւ ասեմ , որ Բելառուսում չկա կովկասցի կամ սլավոնացի տարբերակումը: Այդ առումով այս երկիրը Ռուսաստանից ու մասնավորապես Մոսկվայից շատ է տարբերվում: Ոչ մի խնդիր չկա:

Իսկ հայերի հանդիպե՞լ ես:

Առայժմ մեկ հայի եմ հանդիպել: Բորիսովոյից է, ԲԱՏԷ-ի երկրպագու է, անունն էլ Սամվել է: Ինքն էլ շատ ազատ ժամանակ չունի, բայց ես ինչպես հասկացա, գալիս է մեր թիմի բոլոր խաղերին ու ուզում էր ինձ հրավիրել իրենց տուն:

Քեզ բնակարան եւ մեքենա հատկացրե՞լ են:

Բնակարան ակումբը հատկացրել է, եւ ես հիմա բնակվում եմ տատիկիս հետ: Տատիկս է ժամանել Բելառուս եւ օգնում է ինձ պատրաստվել խաղերին: Ինչ վերաբերում է ավտոմեքենային, ապա ակումբի նախագահը ինձ հետ զրուցելիս նշեց, որ ես պետք է մեծ հաջողությունների հասնեմ ու դրանով ապացուցեմ, որ արժանի եմ նաեւ ավտոմեքենայի: Մի խոսքով` ամեն ինչ պետք է քրտինքով վաստակել:

Իսկ ամուսնության մասին մտածո՞ւմ ես:

Եթե անկեղծ լինեմ` մտածում եմ: Վստահ կարող եմ ասել, որ հարսնացուս Բելառուսից չի լինի: Կամ Կապանից է լինելու, քանի որ երկու տարի ծառայել եմ բանակում այնտեղ, կամ էլ Երեւանից (ծիծաղում է): Ամեն ինչ իր ժամանակն ունի, տեսնենք:

Ո՞ւմ հետ ես ավելի մտերիմ ԲԱՏԷ-ի խաղացողներից:

Բոլորի հետ ել շփվում եմ, բայց ամենամտերիմը հիմա երեւի բրազիլացի Ռենան Բրեսանի հետ եմ: Լեզվի խնդիր չկա, քանի որ Բրեսանը արդեն հինգ տարի է, ինչ Բելառուսում է եւ խաղում է ազգային հավաքականում ու մաքուր խոսում է ռուսերեն: Ես էլ աստիճանաբար ուսումնասիրում եմ իսպաներենը, միգուցե ինձ էլ պետք կգա այդ լեզուն, եթե իրականանա իմ երազանքը եւ հանդես գամ իսպանական ակումբում:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով