20:11 28 մայիսի, 2012Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 26-ից հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով Հունաստանի (մայիսի 31) եւ Ղազախստանի (հունիսի 5) հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: Հայաստանի հավաքականի կազմում նոր անուններ չկան, բոլոր խաղացողներն էլ ծանոթ են: Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն Հայատանի հավաքականում ներկայացնում է երիտասարդ կիսապաշտպան Զավեն Բադոյանը, ով աստիճանաբար հաստատվել է նոր թիմի մեկնարկային կազմում:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Զավեն Բադոյանի հետ:
Զավեն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելառուսում առաջնությունը նոր է մեկնարկել: Ինչպի՞սի տրամադրությամբ ես ժամանել Հայաստան:
Միշտ մեծ ուրախությամբ եմ ընդունել հավաքականի հրավերքը եւ միշտ էլ մեծ ցանկությամբ եմ ժամանել Հայաստան: Շատ եմ ուզում խաղալ ու օգտակար լինել Հայաստանի հավաքականին:
ԲԱՏԷ-ի մեկնարկային խաղերում հազվադեպ էիր խաղադաշտ դուրս գալիս, սակայն հետագայում աստիճանաբար սկսեցիր հանդես գալ մեկնարկային կազմում: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
Կարծում եմ, որ տակտիկայի փոփոխման խնդիրն էր: Բացի այդ, ես մի փոքր երկար հարմարվեցի թիմի խաղաոճին: Արդեն մոտ հինգ ամիս է ինչ թիմում եմ, մասնակցել են շատ հանդիպումների ու կարծես թե արդեն հարմարվել եմ: Առաջնության առաջին խաղում պարտվեցինք, սակայն հետո 10 անընդմեջ հաղթանակ տարանք:
Ի՞նչ զգացողությամբ ես հանդես գալիս բելառուսի չեմպիոնի կազմում, եւ եթե համեմատես ԲԱՏԷ-ի խաղաոճը հայկական թիմերի հետ, որ թիմին է նման:
Իհարկե զգացվում է, որ չեմպիոն թիմի կազմում եմ խաղում, քանի որ յուրաքանչյուր խաղում մաքսիմալ առաջադրանք է դրված խաղացողների առջեւ: Բացի այդ ԲԱՏԷ-ն շատ ուժեղ թիմ է: Ինչ վերաբերում է խաղաոճին, ապա այն նման է «Իմպուլսին» (ժպտում է): ԲԱՏԷ-ում էլ արագ փոխանցումների միջոցով կիրառվում է կոմբինացիոն ֆուտբոլ, ինչպես «Իմպուլսում»: Իմ ներկայիս թիմում էլ ես խաղում եմ կիսապաշտպանության, կամ կարելի է ասել հարձակման ձախ եզրում ու ավելի շատ պետք է մասնակցեմ թիմի հարձակողական գործողություններին:
Հունաստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ խաղերն ի՞նչ նշանակություն ունեն քո համար:
Չեմ կարող ասել, թե ինչքան եմ տրամադրված այս խաղերին: Պարզապես շատ-շատ: Քանի որ վնասվածքի պատճառով բաց թողեցի Սերբիայի ու Կանադայի հավաքականների հետ խաղերը, հիմա պարզապես անսահման ցանկություն կա խաղալու ու թիմին օգտակար լինելու համար:
Հայաստանի հավաքականը ներկայումս նախապատրաստական փուլում է: Ի՞նչ կասես աշխարհի 2014թ. առաջնության ընտրական խմբի մասին:
Չեմ ուզում անդրադառնալ մեր մրցակիցներին: Կխոսեմ մեր թիմի մասին: Մենք ունենք մարտական տրամադրված ու հաստատուն նպատակ ունեցող կոլեկտիվ, որն արդեն ապացուցել է, որ կարող է ցուցադրել բարձրակարգ ֆուտբոլ: Վստահ եմ, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ ավելի առաջ կարող են գնալ վարպետության բարձրացման առումով ու Հայաստանի հավաքականը դեռ շատ ուրախ պահեր է պարգեւելու իր երկրպագուներին ու մեր ազգին:
Զավեն, մեր նախորդ հարցազրույցում դու նշեցիր, որ տատիկդ է օգնում քեզ՝ խաղերին նախպատրաստվելու: Հիմա անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն:
Փոփոխություն կա, բայց ոչ այն, ինչ դուք ինկատի ունեք: Առաջ հիմնականում բնակվում էի Մինսկում ու ամեն օր ստիպված էի մարզման մեկնել Բորիսով եւ հետ վերադառնալ: Հիմա արդեն ես շաբաթվա հինգ օրը լինում եմ Բորիսովում՝ ԲԱՏԷ-ի մարզաբազայում: Մինսկ եմ վերադառնում միայն շաբաթվա վերջին երկու օրերին: Իսկ տատիկս արդեն վերադարձել է Հայաստան:
Եվրո-2012-ում ո՞ր հավաքականն է հաղթելու:
Ես շատ կուզենայի, որ հաղթեին իսպանացիները: Շատ ուժեղ թիմեր են նաեւ Գերմանիայի եւ Հոլանդիայի հավաքականները:
Ըստ քեզ՝ Հայաստանի հավաքականում ամենաուժեղ խաղային օղակը ո՞րն է, կամ ո՞ր ֆուտբոլիստն է ամենաուժեղը:
Կարծում եմ, որ առանձին չի էլ կարող լինել: Մեր հավաքականն ուժեղ է իր միասնականությամբ: Բոլոր օղակների ֆուտբոլիստներն էլ նվիրված են իրենց գործին ու չմոռանաք, որ մենք միշտ թիմային խաղով ենք հասնում հաջողության:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.