14:22  ,  23 մայիսի, 2012

ՀԲՖ նախագահ. Հայ բազկամարտիկների համար բարդ մրցակիցներ են թուրքերը եւ վրացիները

Մայիսի 13-20-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը լավ արդյունքներ է ցուցադրել՝ նվաճելով յոթ մեդալով, որոնցից չորսը` ոսկե: Այդ մասին մայիսի 23-ին կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի բազմամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը:

Եվրոպայի առաջնությունում հայ բազկամարտիկները լուրջ մրցակցություն են ցույց տվել 26 երկրների մասնակիցներին:

«Այս առաջնությանը մասնակցում էին շուրջ 26 պետությունններ` 1000-ից ավելի մասնակիցներով: Հայաստանն առաջնությանը ներկայացել էր 15 մասնակցով: Շատ լավ արդյունքով ենք վերադարձել առաջնությունից` նվաճելով 7 մեդալ, որոնցից 4-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթ եւ մեկը՝ բրոնզե: Սա իսկապես հիանալի արդյունք է Հայաստանի համար: Մենք այս առաջնությունում աչքի ընկանք մեր ուժով: Իրեն հավասարը չունեցավ 75 կգ քաշային կարգում ձախլիկների մրցապայքարում հանդես եկող Վլադիմիր Մնացականյանը, իրենց շատ լավ դրսեւորեց Տավուշի մարզի մեկ այլ ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր Արմեն Չապուխյանը: Նա նույնպես փայլեց ձախլիկների մրցապայքարում` 100 կգ քաշային կարգում: Ոսկե մեդալների արժանացավ պատանիների կարգում հանդես եկող Տավուշի մարզը ներկայացնող Դերենիկ Ստեփանյանը: Նա թե՛ աջլիկների, թե՛ ձախլիկների մրցապայքարում գրավեց առաջին տեղը: Սա մեծ նվաճում է: Աջլիկների մրցապայքարում երկրորդ տեղը գրավեց կրկին Վլադիմիր Մնացականյանը: 75 կգ քաշային կարգում երրորդ մրցանակակիր դարձավ երեւանցի Վրեժ Սեդրակյանը: Մաստեր կլասում հանդես եկող Դավիթ Ներսիսյանը 75 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ մրցանակը»,- ասաց Արսեն Գաբրիելյանը:

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի ոսկե մեդալակիր Վլադմիր Մնացականյանի խոսքով՝ Եվրոպայի այս տարվա առաջնությունն իր համար առանձնացել է ներկայացնող երկրների ուժեղ մրցակցությամբ:

«Թիմերի մեծ մասը բարդ մրցակիցներ էին: Ինձ համար ամենաբարդը եզրափակիչ փուլն էր, որտեղ մրցեցի վրացի մարզիկի հետ: Ի դեպ, Վրաստանի մարզիկները բավական ուժեղ եւ զարգացած են այս մարզաձեւում: Եզրափակչում մեծ դժվարությամբ հաղթեցի»,- նշեց Մնացականյանը:

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր Վրեժ Սեդրակյանի համար ամենաբարդ մցակիցները բուլղարացի մարզիկներն էին:

Աշխարհի արծաթե մեդալակիր Արմեն Չապուխյանը հայտնեց, որ բազկամարտում Հայաստանի համար բարց մրցակիցներ են թուրքերը եւ վրացիները:

Ֆեդերացիայի նախագահը մարզիկներին լրացրեց, որ այս մարզաձեւում ամենապատրաստվածը Ռուսաստանն է, Ուկրաինան, Կանադան, ԱՄՆ:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 11-րդ տեղը:

«Մասնակից երկրների թիվն այս տարի ավելացել էր եւ թիմային հաշվարկում 11-րդը լինելը դրական արդյունք է, նույնիսկ բավական բարձր: Պատանիների թիմային հաշվարկում զբաղեցրել են 7-րդ տեղը: Այս տեղերը մենք գրավել ենք հինգ քաշային կարգերով»,- նշեց Ա. Գաբրիելյանը:

Առաջիկայում հայ բազկամարտիկներին սպասվում է Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությունը:

«Բազմամարտի աշխարհի առաջնություն սովորաբար տեղի է ունենում տարվա վերջում: Դեռեւս չենք կարող ասել` ո՞վ կներկայացնի Հայաստանը: Բնականաբար, մարզիկները կլինեն մրցանակակիրներից: Դեռ շուտ է այդ մասին խոսել: Ժամանակ շատ կա: Այժմ մարզիկները թեթեւ վնասվածքներ ունեն: Պետք է կազդուրվեն: Դրանք ձեռքի հոդային եւ կողոսկրերի վնասվածքներ են: Վնասվածքները վտանգավոր չեն եւ չեն վնասում մարզիկներին»,- ավելացրեց Ա. Գաբրիելյանը:

Պատրաստեց՝ Լուսինե Շահբազյանը

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում