13:05  ,  25 օգոստոսի, 2014

Պատանիների օլիմպիական չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի երազանքը

Ես երջանիկ եմ, որ կարողացա Հայաստանին պարգեւել օլիմպիական ոսկե մեդալ: Հպարտ եմ, որ օլիմպիական չեմպիոն հռչակվեցի: Կձգտեմ նաեւ մյուս երազանքս իրականացնել՝ դառնալ մեծահասակների օլիմպիական չեմպիոն:

Այս մասին NEWS.sm Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, + 85 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող Խաղերի ծանրամարտի մրցաշարում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 391 կգ արդյունքով գերազանցեց բոլորին եւ հռչակվեց չեմպիոն: Հայ ծանրորդն առաջինն էր երկու վարժություններում էլ:

Սիմոն, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ:

Շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ, երջանիկ եմ: Տրամադրությունս շատ բարձր է:

Ինչպե՞ս կմեկնաբանես քո ելույթը պատանեկան Օլիմպիական խաղերում:

Ելույթս շատ բարձր եմ գնահատում, բնական է, քանի որ ինձ հաջողվեց նվաճել օլիմպիական ոսկին: Երկամարտում գրանցեցի այնպիսի արդյունք, որ նույնիսկ ես չէի ակնկալում՝ 391 կգ:  Պոկում վարժությունից հետո 170 կգ արդյունքով առաջին տեղում էի: 20 կգ-ով գերազանցել էի երկրորդ տեղին:  Հրում վարժությունում  բարձրացրեցի  221 կգ, ինչը աշխարհի երիտասարդական ռեկորդ է: Բայց մի քանի անարդարություններ եղան: Պոկում վարժության արդյունքներիցս մեկը չհաշվեցին, պատճառը չգիտեմ որն է, ոչ մի սխալ թույլ չէի տվել, ուղղակի չհաշվեցին ու վերջ:

Դու 20 կգ-ով գերազանցել ես երկրորդ տեղին, սպասում էիր նման արդյունք:

Այո, սպասում էի: Թե իմ մարզիչները, թե ես ինքս գիտեինք, որ կկարողանամ այս Օլիմպիական խաղերում կատարել իմ առջեւ դրված խնդիրը: Ուղղակի ճիշտ չէր լինի նախապես հայտարարություններ անել, թե անպայման օլիմպիական չեմպիոնի տիտղոսը կնվաճենք:

Մրցակիցներիդ մասին ի՞նչ կասես:

Մրցակիցներս ուժեղ էին: Սա Օլիմպիական խաղեր են, եւ այստեղ թույլ մասնակիցներ չկային, բայց դե մենք ապացուցեինք, որ մենք ավելի ուժեղ ենք եւ բոլորին կարող ենք հետ թողնել:

Ի՞նչ զգացողություններ ունեիր, երբ հասկացար, որ դու օլիմպիական չեմպիոն ես:

Անբացատրելի զգացողություններ են: Ամեն ինչ ավելի լուրջ է, միայն այն միտքը, որ սա Օլիմպիական խաղերն են, արդեն հասկանում ես, որ ամեն ինչ լուրջ է: Հպարտության զգացում ունեմ, երջանկություն, ուրախություն: Չեմ կարող բացատրել: Երբ կանգնում ես պատվո հարթակին, հնչում է քո երկրի հիմնը, բարձրանում քո եռագույնը, միակ զգացողությունը հպարտությունն է, որ զգում ես: Երջանիկ եմ, որ կարողացել եմ Հայաստանին օլիմպիական ոսկե մեդալ բերել:

Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:

Բոլոր նրանց, ովքեր գոնե մի փոքր հավատացել են ինձ: Բոլորին՝ ծնողներիս, հարազատներիս, կոլեգաներիս, մարզիչներիս:

Առջեւում Ռիո-2016 Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ նպատակներ ունես:

Օլիմպիական խաղերը յուրաքանչյուր մարզիկի երազանքն է: Նպատակս ու երազանքս մեկն է՝ կարողանալ ձեռք բերել Ռիո-2016-ի ուղեգիր, կանեմ ամեն բան, որ այդ Օլիմպիական խաղերին մասնակցեմ: Ամենամեծ երազանքս՝ մեծահասակների օլիմպիական չեմպիոն դառնալն է: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով