19:06  ,  22 օգոստոսի, 2014

NEWS.am Sport-ը ներկայացնում է. Օլիմպիական Սիմոն Մարտիրոսյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել է 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին:

Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ,  +85 կգ քաշային կարգ:

Ծնվել է 1998 թվականին Էջմիածին քաղաքում:

Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է 2014թ. Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով ոսկե մեդալակիր:

Ես` ծանրորդ.

«Ես սիրում եմ այս մարզաձեւը: Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 13 տարեկանից: Հորեղբայրս` նախկին ծանրորդ է` Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն է, նա է ինձ ուղղորդել  այս մարզաձեւին: Նրա շնորհիվ եմ ես ծանոթացել ծանրամարտ մարզաձեւին, սիրել եւ մարզվել: Առաջին իսկ մարզումներից ուղղակի շատ եմ սիրել եւ նվիրվել այս մարզաձեւին:

Իրականում շատ բարդ մարզաձեւ է, բայց այն կոփում է տղամարդուն, ինքնավստահություն տալիս, պայքարելուն, դժվարություն հաղթահարելուն սովորեցնում: Այս տարի դարձա Եվրոպայի չեմպիոն: Դա ինձ համար մեծ պատիվ է: Ուղղակի երջանկություն է: Հաճելի է, որ զբաղվում ես մի մարզաձեւուվ, որը շատ ես սիրում»:

Ես` պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից:

«Սա իմ մարզական ճանապարհին դեռեւս ամենապատասխանատու մրցումն է: Տրամադրված եմ շատ մարտական: Պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել եմ 2014թ. Եվրոպայի առաջնությունում, որտեղ նաեւ գրանցեցի անձնական ռեկորդ: Երբ նվաճեցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ուրախությանս չափ չկար, բայց երբ իմացա, որ նաեւ նվաճել եմ պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր, ուրախությունս քառապատկվեց»:

Ակնկալիքներս

«Ես դուրս եմ գալու պատանեկան Օլիմպիական խաղերի մրցահարթակ միայն ոսկե մեդալի համար: Ես վստահ եմ, որ ինձ կհաջողվի: Չեմ թերագնահատում ոչ մի մասնակցի, բայց հոգուս խորքում գիտեմ, որ ոսկե մեդալի եմ պատրաստ: Մարզավիճակս գերազանց է, մարզումներս շատ լավ են անցել: Եթե սպորտային հաջողությունն ինձ ժպտա եւ պատանեկան Օլիմպիական խաղերում ոսկի նվաճեմ, հաղթանակս կնվիրեմ հայ ազգին, մարզիչներիս, ծնողներիս»:

Սիմոն Մարտիրոսյանը օլիմպիական մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 23-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով