19:03  ,  17 մայիսի, 2012

Մալդոնադոն «վճարված արշավորդ» չէ

Ֆորմուլա-1-ի «Վիլյամս» թիմի հիմնադիր եւ ղեկավար Ֆրենկ Վիլյամսը հայտարարել է, որ Իսպանիայի Մեծ մրցանակում հաղթած Պաստոր Մալդոնադոն չեմպիոնի հավակնորդ է, այլ ոչ թե «վճարված արշավորդ»։

Մալդոնադոյի հովանավորը Վենեսուելայի PDVSA պետական նավթային ընկերությունն է, եւ մրցաշրջանի մեկնարկում շատերն էին խոսում, որ 27-ամյա արշավորդը «Վիլյամսում» հայտնվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի միլիոնների շնորհիվ։ Այդ պատճառով Մալդոնադոյին շատերն անվանում են «վճարված ավտոարշավորդ»։
Ֆրենկ Վիլյամսն ընդունել է, որ գումարը վերջին դերը չի խաղացել պայմանագրի ստորագրման ժամանակ, սակայն ավելացրել է, որ վենեսուելացին իսկական արշավորդ է եւ չեմպիոնի հավակնորդ։

«Եթե նա հիմարի մեկը լիներ՝ մեզ հետ չէր լինի, անկախ այն բանից, թե ինչքան գումար կբերեր հետը։ Նա չեմպիոնի ներուժ ունի։ Նա շատ արագ է եւ սխալներ թույլ չի տալիս։
Այո, ես չեմ հերքում, որ գումարը որոշակի դեր խաղացել է, բայց նա իսկական ավտոարշավորդ է, եւ նա արժանի է լինել մեր թիմում՝ գումարով, թե առանց գումարի։
Ճշմարտությունն այն է, որ եթե դու չունես գումար, ապա Ֆորմուլա-1-ում չես լինի», - Վիլյամսի խոսքը մեջբերում է motorsport.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում