00:22  ,  23 հուլիսի, 2014

Ուկրաինայի թիմի գլխավոր մարզիչն՝ Էջմիածնում. Ներքաղաքական բարդ վիճակը կխոչընդոտի սպորտի զարգացմանը

Հայաստանում երկրորդ անգամ եմ ականատես լինում, թե որքան բարձր մակարդակով եւ լավ է կազմակերպվում նետաձգության միջազգային մրցաշար: Ակնկալիքները մեծ են, քանի որ լավ եւ ամբողջական կազմով ենք ներկայացել Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց այս օրերին Հայաստանում անցկացվող նետաձգության Եվրոպայի առաջնության մասնակից Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ելենա Սադովնիչայան:

«Ուրախ եմ, որ Եվրոպայի առաջնությունն անցկացնելու եւ կազմակերպելու բարդ գործը հանձն է առել Հայաստանը: Համոզված եմ, որ հետաքրքիր ու դիտարժան մրցումներ ենք տեսնելու: Եղանակային պայմաններն են մի փոքր անբարենպաստ նետաձգության համար, մեկ՝ քամի է, մեկ՝ ուժեղ արեւ: Ակնկալիքները մեծ են, քանի որ լավ եւ ամբողջական կազմով ենք ներկայացել Եվրոպայի առաջնությանը: Մեր կազմում ունենք օլիմպիական չեմպիոն: Նախքան Եվրոպայի առաջնությունը ունեցել ենք ուսումնամարզական հավաք: Սա շատ կարեւոր մրցաշար է մեզ համար, քանի որ վարկանիշային է, մեր նպատակը Ռիո-2016-ի մասնակցելն է: Բայց ուժեղ մրցակցություն է սպասվում: Կառանձնացնեմ Ֆրանսիային, Իտալիային, Ռուսաստանին, Գերմանիային: Բոլորն էլ ուժեղ են: Մեր հավաքականը բավական մրցունակ է, նոր կազմով է, բոլորը նոր սերնդի ներկայացուցիչներ են, հեռանկարային մարզիկներ ունենք, չեմպիոններ ունենք:

Ուկրաինայում այսօր արդեն կարող ենք համարել, որ նետաձգությունը մեծ զարգացում է ապրում, առանջընթաց կա, ունենք օլիմպիական չեմպիոն, դա մեզ համար մեծ քայլ է այս մարզաձեւում: Բայց այս պահին ներքին քաղաքական խնդիրների պատճառով հնարավոր է՝ հետընթաց ունենանք, ամեն դեպքում կփորձենք այնպես անել, որ պահպանվի այն, ինչ այժմ ունենք եւ ձեռք ենք բերել երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում եւ ներքին քաղաքական դրությունը չխոչընդոտի մարզաձեւի եւ ընդհանրապես սպորտի զարգացմանը»,- ասաց Ելենա Սադովնիչայան:

Հիշեցնենք, որ հուլիսի 21-27-ը Էջմիածնում ընթանում է նետաձգության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 370 մարզիկներ 39 երկրից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում