14:17  ,  18 հուլիսի, 2014

Էջմիածնում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կժամանեն ութ ադրբեջանցիներ

Հուլիսի 21-26-ը Էջմիածնում կայանալիք նետաձգության Եվրոպայի առաջնությունում մասնակցության հայտ է ներկայացրել նաեւ Ադրբեջանը: Նրանք շուտով կժամանեն Հայաստան:

Այս մասին այսօր` հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը:

«Հայաստանում կայանալիք նետաձգության Եվրոպայի առաջնությունն իր կարգով 1996 թվականին Հայաստանում կայացած շախմատի Համաշխարհային օլիմպիադայից հետո երկրորդ ամենախոշոր մրցումն է լինելու: Այս մրցումը վարկանիշային է գալիք տարի ամռանը կայանալիք Եվրոպական խաղերի համար եւ վարկանիշային միավոր է տալու Ռիո-2016 ամառային Օլիմպիական խաղերի համար:

Հուլիսի 21-ին Էջմիածին քաղաքում տեղի է ունենալու նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության բացման արարողությունը: Մինչեւ բազման արարողությունը օրվա սկզբից արդեն մասնակից երկրներ անցկացնելու են փորձնական մրցումներ: Ժամը 14:00-ից հետո պատրաստվելու ենք բացմանը եւ ժամը 17:00-ին Եվրոպայի նետաձգության ֆեդերացիայի նախագահը առաջնությունը կհայտարարի բացված: Հուլինի 20-ին Երեւանում կայանալու է Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի համաժողովը, որի ընթացքում ընտրվելու է Եվրոպայի նետաձգության ֆեդերացիայի նոր նախագահ, ով էլ հաջորդ օրը կհայտարարի առաջնությունը բացված: Մրցաշարը կտեւի մինչեւ հուլիսի 26-ը:

Մրցումներին մասնակցում են 39 երկրներ` 300-ից ավելի մարզիկներով: Իսկ ընդհանուր Հայասանը կհյուրընկալի շուրջ 450 հյուրերի: Եվրոպական բոլոր երկրները մասնակցության հայտ են ներկայացրել եւ մասնակցելու են : Միայն բացակայում են այն երկրները, որտեղ նետաձգությունը զարգացած չէ: Մրցումներին մասնակցում է նաեւ Ադրբեջանը, այնպես որ մի քանի օրից ադրբեջանցի նետաձիգներին կտեսնենք Հայաստանում: Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստանում կլինի 8 անձից բաղկացած կազմով, որից 6-ը մարզիկներ են, երկուսը մարզիչներ: Ինչպես ենթադրվում է բոլորի կողմից, ադրբեջանցի մարզիկները բոլորից անջատ չեն լինելու, առաձին չեն ապրելու Հայաստանում: Մնալու են այն հյուրանոցներում, որտեղ բնակություն կհաստատեն մասնակից երկրների մարզիկները»,- ասաց Նազիկ Ամիրյանը:

Անդրադառնալով հայ նետաձիգների պատրաստվածությանը, ֆեդերացիայի նախագահը նշեց.

«Հայաստանը մասնակցում է 8 մարզիկներով: Մեր մարզիկները պատրաստ են լուրջ մրցակցության, գտնվում են լավ մարզավիճակում, բավական երկար պատրաստվել են այս առաջնությանը: Այս տարվա սկզբից որքան միջազգային մրցաշարեր եղան, փորձեցինք ապահովել մեր նետաձիգների մասնակցությունը, մեծ մասն ունեն միջազգային մրցաշարերի լավ փորձ: Ունենք տղաների եւ աղջիկների լիարժեք թիմեր: Իհարկե բացահայտ կարող եմ հայտարարել, Հայաստանի տղաների թիմը շատ ավելի ուժեղ է եւ լուրջ մրցակից կարող է լինել մյուս երկրների համար: Մենք մարզիկ ունենք, որից սպասում ենք մեծ արդյունքներ, դա Բասիլ Շահնազարյանն է: Եվ ենթադրում ենք, որ այս առաջնությունում կունենանք բավական բարձր ցուցանիշ»

Եվրոպայի առաջնության կազմակերպիչ եւ տնօրեն Պետրոս Ամիրյանը նշեց, որ մասնակից երկրներն իրենք են հոգում իրենց ճանապարհածախսը եւ մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:

«Ըստ Եվրոպայի նետաձգության ֆեդերացիայի կանոնադրության, մասնակից երկրներն իրենք են հոգում առաջնությունում մասնակցության ճանապարհածախսը: Հայաստանի ֆեդերացիան հոգում է հանձնաժողովի անդամների սպասարկումը, Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարության կեցության եւ մյուս բոլոր այլ ծախսերը: Արդեն Հայաստանում են մրցումների տեխհանձնաժողովը, մրցումների պատասխանատուն, ով մի քանի անգամ նախքան մրցումները այցելել է Հայաստան եւ ուսումնասիրություն կատարել, թե որքանով Հայաստանը կարող է հանձն առնել Եվրոպայի առաջնության մրցումները եւ ըստ պատշաճի անցացնել: Եվրոպայի հանձնաժողովի կողմից ընդունվել է դաշտը, տարածքը, մենք լիովին պատրաստ ենք մրցումներին:

Հուլիսի 19-ին Հայաստան կժամանի նաեւ մրցումների գլխավոր մրցավարը եւ արդեն հուլիսի 21-ին մեկնարկ կտանք Եվրոպայի առաջնությանը: Իսկ առաջնության բացման արարողությանը ներկա կլինի նաեւ նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահը:  Միջազգային լրատվամիջոցներին դեռեւս 4 լրագրող են հավատարմագրել լուսաբանելու համար` 2-ը Ֆրանսիայից են, 2-ը՝ Գերմանիայից: Ակնկալում ենք միջազգային լրատվամիջոցներին ներկայացուցիչների ավելի մեծ քանակ, ովքեր կգան երկրների պատվիրակությունների հետ:

Ինչ վերաբերում է կազմակերչական աշխատանքներին, մեզ համար կազմակերպած մրցումները, կազմակերպչական աշխատանքները 100 տոկոս են, բայց կարծում եմ եվրոպացիները գուցե մի բան գտնեն դժգոհելու կամ ինչ-ինչ հարցերում թերագնահատելու մեր կազմակերպած մրցումները: Դա ասում եմ ելնելով անցյալ տարվա մեր փորձից, երբ Հայաստանում անցրացրեցինք Գրան Պրի: Գլխավոր մրցավարը Գերմանիայից էր: Դաշտը մրցումների համար նախապատրաստելուց հետո , գերմանացի մրցավարը եկավ, մետրը վերցրեց եւ դաշտի մեջ չափումներ արեց: Մ1 վարժությունը մինչեւ 90 մետր պետք է լինի, նա սանտիմետր առ սանտիմետր, անկյուններով չափեց: Մի հատվածում մեկ սանտիմետր շեղում գտավ, եւ հանձնարարեց 150 մետր երկարության գիծը փոխել: Չկարողացանք նրան բացատրել, որ մարզիկին այդ մեկ սանտիմետրը չի խանգարելու եւ նրա պահանջով գիծը փոխեցինք:

Այս օրինակը տեսնելով մենք հնարավորինս մեր աշխատանքները 100 տոկոսանոց կատարել ենք: Բայց սպասում ենք, որ էլի ինչ-որ բան կփորձեն գտնել: Դա իրենց աշխատանքն է: Նման դեպերում, տեղում շտկում ենք թերությունները: Հնարավորինս փորձում ենք ապացուցել, որ մեր տարբերակը ճիշտ է, այնպես չի որ խելոք լսում ենք նրանց, ինչ ասում են: Փորձել ենք այնպես անել, որ որեւէ խնդիր չլինի, բացթողում չլինի, լիարժեք պատրաստ ենք մրցումներին: Մրցումների բյուջեն կազմել է շուրջ 350 հազար եվրո»,- նշեց Պետրոս Ամիրյանը:

Մրցումներն անցկացվելու են Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբի տարածքում:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում