17:18  ,  17 հուլիսի, 2014

Արթուր Գորոյան. Հայաստանում ավտոմոտոսպորտի զարգացման համար պայմաններ չկան (ֆոտո)

Ոչ մի աջակցություն չունեմ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայից: Միայն անդամ եմ, ու միայն C եւ B կատեգորիայի արտոնագրեր եմ ստացել: Իմ բոլոր մրցարշավներին ես մասնակցում եմ ինքնաֆինանսավորմամբ, ինձ ոչ ոք չի աջակցում եւ չի օգնում ֆինանսավորումով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը:

Արթուր, պատմիր քո մասին: Որտե՞ղ ես ծնվել, ինչպե՞ս ես սկսել զբաղվել ավտոսպորտով:

Ծնունդով Ջավախքից եմ, մինչեւ 9 տարեկան ապրել եմ Ջավախքում, ապա ընտանիքով տեղափոխվել ենք Կրասնոդար, Արմավիր քաղաք: Իսկ այնտեղից տեղաոխվել ենք Մոսկվա` հիմնական բնակության:  Մեքենա վարելն իմ հոբին է, սիրել եմ մանկության տարիներից:  Մեքենաներ, արագություն: Դա տարերքի պես մի բան է: Ավտոսպորտ մուտքս եղել է կարտինգից: Մոսկվայում ուսանողական տարիներին սկսեցի ավելի լուրջ վերաբերվել այս մարզաձեւին: Սկզբում սիրողական քարտինգով էի զբաղվում: Հետո սկսեցի մասնակցել մրցումների, աստիճանաբար արդյունքներս բարելավում էի: Հինգ տարի առաջ որոշեցի լրջորեն զբաղվել ավտոսպորտով: 21 տարեկանում Մոսկվայում քարտինգի մրցումներից մեկում առաջին  տեղ զբաղեցրի: Այդ ժամանակ արդեն մարզիչ ունեի եւ լրջորեն զբաղվում էի ավտոսպորտով: Մոսկովյան մրցումը հաղթահարելուց հետո մարզիչս ինձ խորհուրդ տվեց ամեն ինչ ավելի լուրջ հիմքերի վրա դնել, երկար ժամանակ տրամադրել մարզումներին, միջազգային մրցումներին մասնակցելու հայտեր ներկայացնել: Մարզիչիս հետ տեղափոխվեցինք Գերմանիա` այնտեղ շարունակելու մարզումներս: Առաջին հաջողությունս ավտոսպորտում գրանցվեց  2011 թվականին «Նյուրբուրգռինգի 6 ժամ» մրցարշավում, որին մասնակցեցի Forza Racing School թիմի կազմում: Մեր թիմը զբաղեցրեց  3-րդ տեղը:

Հետագայում արդեն ավելի լուրջ հաջողություններ ունեցա` թափքային մրցարշավներում, BMW M3-ով՝ 2-րդ տեղ, քարտինգային մրցարշավում, Դուբայում՝ 1-ին տեղ: Իսկ մեկ ամիս առաջ` հունիսի 20-22-ը մասնակցեցի իմ մարզական կարիերայի թերեւս ամենալուրջ մրցարշավին`«Նյուրբուրգռինգի 24 ժամ» դիմացկունության աշխարհի առաջնությանը, որն անցկացվեց Այֆել լեռներում` Nurburgring Nordschleife մրցուղում: Այս մրցարշավում մեր թիմը զբաղեցրեց 8-րդ տեղը, իսկ ես գրանցեցի իմ անձնական ռեկորդը՝ անձրեւի տակ խելահեղ արագություն:

Ի՞նչ մասնագիտություն ունես:

Երկու բարձրագույն կրթություն ունեմ, երկու տարբեր մասնագիտություններ, որոնք սպորտի հետ բացարձակ կապ չունեն: Առաջին մասնագիտությամբ ծրագրավորող եմ, երկրորդով` տնտեսագետ: Այժմ աշխատում եմ՝ երկու մասնագիտություններս համադրելով. մոսկովյան կազմակերպություններից մեկի տնօրենի տեղակալն եմ:  Արդեն կարելի է ասել աշխատանքս է որպես հոբի դարձել, քանի որ ամբողջ ժամանակս հիմնականում անցկացնում եմ մարզումների մեջ, մրցումների եմ մասնակցում եւ դեռ մեծ անելիքներ ունեմ այս մարզաձեւում: Ցանկանում եմ մեծ հաջողությունների հասնել որպես Հայաստանի ներկայացուցիչ: Իսկ աշխատանքս զուտ ապրուստի միջոց է: Եթե օրերից մի օր այս մարզաձեւում կարողանամ այնպիսի գումարներ վաստակել, որ հնարավոր լինի այդ գումարով ապրել, կամ ինձ այս ոլորտում առաջարկեն աշխատել, ես կաշխատեմ:

Դու ներկայացնում ես Հայաստանը: Ինչպե՞ս դա ստացվեց: Երբեւէ Հայաստանում չես մարզվել:

Ես միշտ մրցարշավներում Հայաստանը ներկայացնելու մեծ ցանկություն ունեի: Մինչեւ հիմա Ռուսաստանի ֆեդերացիայի արտոնագրով էի մասնակցում մրցարշավներին, ինչը նշանակում է Ռուսաստանի դրոշով ներկայանալ մրցարշավներում, քանի որ միայն հագուստիս մի հատվածում իրավունք ունեի իմ ազգի դրոշը պատկերել: Բայց դա ինձ համար մի տեսակ վիրավորական էր, քանի որ ես հայ եմ, իմ հայրենիքը Հայաստանն է, իսկ Ռուսաստանում ես միայն ապրում եմ, եւ Ռուսաստանի ֆեդերացիայի անդամ չեմ, ինձ Ռուսաստանի ֆեդերացիան չի աջակցում, իմ մրցարշավները չի ֆինանսավորում: Երկար բանակցություններ ունենալով ռուս մարզիչիս հետ, եկանք այն որոշման, որ ինձ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու համար հարկավոր է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի լիցենզիան: Դիմեցի ֆեդերացիայի այն ժամանակ դեռ նախագահ Մկրտիչ Փիլթոյանին, ապա նաեւ ներկա նախագահ Գագիկ Աղաջանյանին, ներկայացրեցի իմ գործունեությունը, մրցարշավներին մասնակցությունս, հաջողություններս, ու դարձա ֆեդերացիայի անդամ, իսկ դրա հետ ստացա նաեւ C կատեգորիայի # 001 լիցենզիա: Դա ինձ համար մեծ ձեռքբերում էր, քանի որ ես արդեն ամենուր կարող էի Հայաստանի դրոշը ձեռքիս ներկայանալ մրցարշավներին եւ բոլորը կտեսնեին, որ ես Հայաստանից եմ:  Բացի այդ, ինձ Հայաստանի ֆեդերացիայի լիցենզիան տալիս էր նաեւ եւս մեկ շատ կարեւոր հնարավորություն. ես կարող էի անձնական հաշվարկիս միավորների համար պայքարել, այլ ոչ թե զուտ թիմի: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ինձ ընդունեց եւ ճանաչեց որպես Հայաստանի ավտոարշավորդ, ինչի համար շնորհակալ եմ Մկրտիչ Փիլթոյանին եւ Գագիկ Աղաջանյանին: Այժմ արդեն B կատեգորիայի լիցենզիա ունեմ:

Իսկ բացի այդ լիցենզիայից, ի՞նչ այլ աջակցություն ունես Հայաստանի ֆեդերացիայից: Ֆինանսավորո՞ւմ է քո մրցարշավները:

Ոչ: Ոչ մի այլ աջակցություն չունեմ Հայաստանից: Ֆեդերացիայում միայն անդամ եմ, ու միայն C եւ B կատեգորիայի լիցենզիաներն եմ ստացել: Իմ բոլոր մրցարշավներին ես մանսկցում եմ ինքնաֆինանսավորմամբ, ինձ ոչ ոք չի աջակցում եւ չի օգնում ֆինանսավորումով: Դեռեւս ինձ այդ հարցը չի անհանգստացնում: Հաճելի կլինի, որ որեւէ աջակցություն ունենաս քո երկրից, բայց դա խնդիր չէ, ինձ համար լիցենզիաները մեծ աջակցություն են եւ այն, որ ես արդեն իմ անձնական միավորների համար եմ պայքարում մրցուղիներում:

Հայաստանում չեմ  մարզվել, քանի որ դրա համար Հայաստանում չկան պայմաններ: Շատ կուզենայի իմ երկրում մարզվել, հայ մարզիչներ ինձ մարզեին, Հայաստանից մեկնեի մրցումների: Շատ կուզեի, այնքան զարգացած լիներ ավտոմոտոսպորտը Հայաստանում, որ առանց խնդրի ես այդ մարզաձեւով զբաղվեի այդտեղ: Բայց չկան պայմաններ, չկա այն ամենը, ինչ ես տեսնում եմ Գերմանիայում, չկան մրցուղիներ, չկան համապատասխան միջոցներ: Ես դա շատ լավ եմ հասկանում, դրա համար մեծ գումարներ են պետք: Ավտոմոտոսպորտը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի Հայաստանում, որպեսզի Հայաստանի մարզիկները կարողանան միջազգային մրցուղիներ դուրս գալ: Հայ մարզիկներին ճանաչում եմ, տեղյակ եմ, որ կան լավ մարզիկներ, լավ արդյունքներով, մի քանիսի հետ ընկերներ ենք: Բայց այս պահին ես նախընտրում եմ մարզվել Գերմանիայում, այստեղ հնարավորությունները մեծ են, ամեն ինչ այլ է, այս մարզաձեւը մեծ զարգացում ունի, սա ապրելակերպ է: Իսկ Հայաստանը դեռ բավական հետ է այդ ամենից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս