13:49  ,  21 հունիսի, 2014

Դավիթ Աթանեսյան. Ջամալ Բաուդայի հետ իմ մենամարտը կլինի երեկոյի սուպերմարտը

Հուլիսի 5-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի կունենա սուպեր մենամարտ MFE – MixFightEvents կազմակերպության աշխարհի գոտու համար: Այդ օրը կայանալու են ութ մարտեր տարբեր կարգերում, որոնցից գլխավորը կլինի Եվրոպայի К-1-ի չեմպիոնի Ջամալ Բուաուդայի (Մարոկկո) եւ Հայաստանի այկիկենդոյի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանի մենամարտը: Երկուական րոպե տեւողությամբ երեք ռաունդների ընթացքում մասնակիցները կորոշեն MixFightEvents-ի լավագույնին: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Դավիթ Աթանեսյանի հետ, ով մեկ շաբաթ անց մեկնելու է Իսպանիա:

Պարոն Աթանեսյան ինչպե՞ս եք նախապատրաստվում պատասխանատու մենամարտին:

Ես ամեն օր, բացի կիրակիից, երկու անգամ  մարզվում են իմ մարզասրահում: Պարապմունքներից մեկը լիովին նվիրված է բռնցքամարտին, իսկ երկրորդը՝ տեխնիկա եւ տակտիկա մշակելուն: Իմ սփարինգ մրցակիցն է К-1կարգում աշխարհի(2012-2013), թաեքվոնդոյի ITF եւ քիքբոքսինգի Եվրոպայի (2013) չեմպիոն Լեւոն Մինասյանը, ում օգնում են Սպարտակ Ծատուրյանը եւ Գյումրիում իմ դպրոցի պատվավոր նախագահ Եղիշե Մինասյանը:

Ե՞րբ եք  մեկնելու Իսպանիա:

Իսպանիա մեկնելու եմ հունիսի 27-ին: Ինձ կմիանա նաեւ թայբոքսի աշխարհի չեմպիոն Վարդան Մնացականյանն ու աշխարհահռչակ Գագո Դրագոն, ով իմ մանկության ընկերն է, եւ նա նաեւ պետք է ինձ մարզի եւ մենամարտի ժամանակ կլինի իմ մարտավկան: Նշեմ, որ իմ ժամանելու հարցում իր ներդրումն ունի Շվեյցարիայում իմ դպրոցի ներկայացուցիչ Քրիստինե Գաբրիելյանը: Իր աջակցությունն է նաեւ ցուցաբերել սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Պատմեք տիտղոսի մասին, որի համար պատրաստվում եք մենամարտել:

MixFight-ը բավականին լուրջ գոտի է, եւ այս մենամարտի հաղթողը բարձր մակարդակի Գրան պրիի կհասնի: Իմ մենամարտը կլինի երեկոյի սուպերմարտը, որից առաջ տեղի է ունենալու 7 մարտ (MMA կանոններով՝ մարտ առանց կանոնների), իսկ իմ մենամարտը կլինի К-1 կանոններով:

Ի՞նչ գիտեք Ձեր մրցակցի մասին:

Նրա մենամարտը ես արդեն տեսել եմ, ուսումնասիրել եմ նրա ուժեղ եւ թույլ կողմերը: Նա Եվրոպայի К-1 թայբոքսի չեմպիոն է, շատ լավ մարզիկ, քաշը՝ 80 կգ: Նրա հետ մենամարտելու համար ես 4կգ նիհարել եմ եւ հիմա 84կգ եմ: Ես հիանալի մարզավիճակում եմ եւ հարյուր տոկոսով պատրաստ մարտին: Համոզված եմ, որ կարդարացնեմ բոլոր իմ ընկերների եւ աշակերտների սպասումները, ու նրանց հավատը ինձ կօգնի հաղթել, եւ ես կկարողանամ բարձրացնել հայկական դրոշը Վալենսիայում, ուր հավաքվելու են Ֆրանսիայից եւ Իսպանիայից ժամանած իմ ընկերները՝ ինձ երկրպագելու:

Պարույր Սինյավսկի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով