11:44  ,  26 մայիսի, 2014

Հենրիխ Մխիթարյան. «Ռեալի» հետ հանդիպման մասին հուշերը դեռ հետապնդում են ինձ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Bundesliga.com-ին տված հարցազրույցում ամփոփել է 2013-2014 մրցաշրջանի արդյունքները՝ անդրադառնալով նաեւ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Կիսապաշտպանը հայտարարել է, որ դեռ չի կարողանում մոռանալ իր վրիպումներն Արքայական ակումբի դեմ պատասխան խաղում։

«Հիշողությունները դեռ հետապնդում են ինձ։ Իրականում այդ օրն ինձանից շատ ոչ ոք չէր ցանկանում աչքի ընկնել։ Ամեն դեպքում կարողացա կամք դրսեւորել։ Հայաստանում ասում են, որ երբեմն Աստված քեզ թողնում է ընկնել, որ դու գնահատես քո թռիչքները։

Շատ եմ խոսել Յուրգեն Կլոպի եւ թիմակիցներիս հետ, եւ նրանք ասացին, որ վստահում են տաղանդիս։ Նրանք խորհուրդ են տվել ուշադրություն չդարձնել խոսակցություններին։ Առաջին օրվանից նրանք ինձ վստահություն հաղորդեցին։ Դա ինձ շատ օգնեց։ Թիմակիցների հետ միասնականությունը հրաշալի երեւույթ է։

Ինձ համար ամենաբարդ խնդիրն այն էր, որ այստեղ էի տեղափոխվել Բունդեսլիգայի հետ անհամեմատելի առաջնությունից։ Երբ խաղում էի «Շախտյորում», ապա բոլոր մրցակիցները պաշտպանվում էին, եւ մեկ գոլը բավական էր հաղթելու համար։ Գերմանիայում ամեն ինչ այլ կերպ է։ Թիմերը հավասար ուժեր ունեն, եւ նույնիսկ հետնապահները կարող են մեծ ճնշում գործադրել»,- ասել է 25-ամյա կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը դարձել է 9 գոլի հեղինակ եւ կատարել 10 արդյունավետ փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով