20:11  ,  23 ապրիլի, 2014

Մելիք Ղուկասյան. Հույս ունեմ, որ հայկական ծանրամարտը կվերադառնա անցյալի լավ օրերին

Եթե նման տեմպերով շարունակենք, ապա մեր երիտասարդներից 2016թ. Օլիմպիական խաղերի մասնակից կունենանք։ Հույս ունեմ, որ ծանրամարտը կվերադառնա անցյալի լավ օրերին եւ Օլիմպիական խաղերում այսօրվա երիտասարդները մեդալներ կնվաճեն։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը։  Ապրիլի 19-23-ը Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվեց ծանրամարտի Հայաստանի երիատասարդների առաջնություն։ Ծանրամարտի Հայաստանի երիտասարդների հաղթող են դարձել 56 կգ քաշային Դավիթ Դավայանը, Գեւորգ Բաղդասարյանը (62 կգ), Վարդան Միլիտոսյանը (69 կգ), Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ),  Կարեն Պեպանյանը (85 կգ), Մհեր Պողոսյանը (94 կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ), Արեն Հարությունյանը (+105 կգ)։

Պարոն Ղուկասյան, ամփոփեք Հայաստանի առաջնությունը։

Հայաստանի առաջնությանը մասնակցում են աննախադեպ թվով ծանրորդներ, ինչն ինձ ուրախացնում է։ Ես այս օրերին ականատես եմ հրաշալի մրցակցության, քանի որ բոլոր քաշային կարգերում ունենք շատ մասնակիցներ։ Սա շատ կարեւոր ստուգատես է երիտասարդների համար, քանի որ Հայաստանի առաջնությունից հետո կազմելու ենք հավաքականը, որն էլ կնախապատրաստվի երկու կարեւոր մրցաշարերի՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին։ Առաջիկայում ունենք աշխարհի առաջնություն՝ հունիսի 20-29-ը Կազան քաղաքում, այնուհետեւ Եվրոպայի առաջնությունն է՝ նոյեմբերի 20-29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։  Տղաների մարզավիճակը նորմալ է, բոլորն էլ լավ պատրաստված են։ Մինչեւ աշխարհի առաջնությունը 35 օր կանցկացնենք ուսումնամարզական հավաք Ծաղկաձորում եւ Աբովյան քաղաքում, ապա մինչեւ Եվրոպայի առաջնությունը եւս 3-4 հավաք։

Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների հնարավորությունները։

Տղաներից գրեթե բոլորն էլ լավ մարզավիճակ ունեն այս պահին։ Իսկ աշխարհի առաջնության համար կգնահատեմ բավարար։ Դեռ մի փոքր աշխատանք կա անելու այս մարզիկների հետ։ Այս աշխարհի առաջնությունում կհիմնվենք 1994-95 թվականների ծնված տղաների վրա, քանի որ նրանք արդեն երկու տարի է հավաքական թիմում են։

Նշեցիք, որ Հայաստանի առաջնությունից հետո կկազմավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականը։ Արդեն պա՞րզ է՝ ովքեր են համալրելու հավաքականը։

Արդեն մոտավոր ուրվագծված է երիտասարդական հավաքականը։ Հին կազմից հավաքականում կմնան Վարդան Միլիտոսյանը (69կգ)՝ անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոն, 69 կգ քաշային Ժորժ Եղիկյանը, 58 կգ Գեւորգ Բաղդասարյանը, 77 կգ Ռազմիկ Օլթեցյանը։ Մյուսների հարցը դեռեւս քննարկման փուլում է, մեկ երկու օրից արդեն պարզ կլինի։ 

Հայաստանի առաջնության արդյունքները գոհացնո՞ղ են։

Հայաստանի առաջնությունում երիտասարդների մասնակցության խնդիր ենք ունեցել, քանի որ երիտասարդական հավաքականի տղաները 18-20 տարեկաններն են։ Իսկ 18 տարեկանից մեր լավագույն մարզիկները անցնում են զինծառայության։ Բայց այս տարի ինձ համար զարմանալի էր, որ գրեթե բոլոր քաշային կարգերում 15-20-ից ավելի մասնակիցներ ունեցանք երիտասարդներից։ Ունենք մասնակիցներ Վանաձորից, Արարատից, Գյումրիից, Երեւանից, Սյունիքից, ինչը եւս ուրախացնում է։ Ֆեդերացիայի նախագահի շնորհիվ այսօր մարզերում բոլոր հնարավորությունները ստեղծվել են ծանրամարտով զբաղվելու, մարզաձեւը զարգացնելու համար։ Գնվել են նոր ծանրաձողեր եւ մարզագույք ֆեդերացիայի նախագահի անձնական միջոցներով եւ բաժանվել են մարզերին։ Առաջիկայում էլի է նախատեսվում բաժանել ծանրաձողեր մարզերի մարզադպրոցների։ Դրա շնորհիվ այսօր մենք ունենք 120-ից ավելի մասնակիցներ Հայաստանի առաջնությունում։ Եթե նման տեմպերով շարունակենք, ապա մեր երիտասարդներից 2016թ. Օլիմպիական խաղեր մասնակից կունենանք

Իսկ ձեր ուրվագծած հավաքականից ո՞ւմ եք տեսնում մեծահասակների հավաքականում, ո՞վ է պատրաստ ազգային հավաքականի մարզիկների հետ պայքարել մեդալների համար միջազգային մրցահարթակում։

Այդ հարցն այժմ քննարկման մեջ է ֆեդերացիայում։ Ես ինքս այն կարծիքին եմ, որ երիտասարդներին պետք է ռեզերվ տանք, որպեսզի նրանք դրսեւորվելու հնրավարություն ունենան։ Ունենք մի քանի շնորհալի երիտասարդներ՝ Գոռ Մինասյան, Անդրանիկ Կարապետյան, Միքայել Միքայելյան, Մկրտիչ Մկրտչյան։ Նրանք ունեն բոլոր հնարավորությունները իրենց ուժերը փորձելու մեծահասակների կազմում։  Ես ցանկություն ունեմ, որ նրանք մտնեն մեծ սպորտ։ Իսկ մեծ սպորտն ինձ համար ազգային հավաքականում հանդես գալն է, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում Հայաստանը ներկայացնելը, մեդալ նվաճելը։ Ինձ համար երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունները, դրանց չեմպիոններ լինելը մեծ սպորտ չի։

Իսկ ի՞նչ խնդիրներ կա երիտասարդական հավաքականում։

Այս պահին ոչ մի խնդիր չունենք, գումարի խնդիր չունենք, մարզագույքի խնդիր չունենք, մարզահագուստի եւս, ամեն պայման կա, ստեղծված է։ Ես հույս ունեմ որ ծանրամարտը կվերադառնա անցյալի լավ օրերին եւ Օլիմպիական խաղերում այսօրվա երիտասարդները լավ հանդես կգան եւ մեդալներ կնվաճեն։

Լուսինե Շահբազյան (ֆոտո` NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով